«Հրապարակ» թերթը գրում է.
«Արարատի մարզի Մասիս քաղաքում ՀՀԿ-ականների բախում է հասունանում, մարզային կառույցը թևերի է բաժանվել, ու իրար միս են ուտում աշնանն սպասվող քաղաքապետի ընտրությունների հողի վրա։ Պաշտոնապես չի հայտարարվում, բայց ՀՀԿ–ում արդեն իսկ որոշված է այս ընտրությունների «դաբրոն» տալ «Բույսերի աշխարհ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր Մհեր Համբարձումյանի (Թույների Մհեր) որդուն՝ Դավիթ Համբարձումյանին, որը համատեղության կարգով Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է։ Ավելի ճիշտ՝ նրա թեկնածության օգտին «վերևների» մոտ ակտիվորեն լոբբինգ է անում այդ ընտրատարածքից պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը, որը ոչ վաղ անցյալում թշնամական հարաբերությունների մեջ էր Թույների Մհերի հետ։ Օր չէր լինում, որ նրանց թիմակիցները «ռազբորկաներ», տուրուդմփոց չսարքեին։ Բոլոր ընտրություններին Մհերի շրջապատն աշխատում էր Մուրադյանի դեմ։ Նրանց հարաբերություններում շրջադարձ եղավ խնամիական կապի շնորհիվ՝ Մուրադյանի որդին ամուսնացավ Մհերի քրոջ դստեր հետ, իսկ հարաբերություններն էլ ավելի ջերմացան, երբ Մհերը դարձավ ոստիկանապետի թիկնապահ Արշակի խնամին։ Խնամու միջոցով Մհեր Համբարձումյանն այնքան լավություն է արել Մուրադյանի գերդաստանին, որ մոռացության են մատնվել անցյալի վատությունները, նաև խզվել՝ գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանի հետ մտերմությունը։ Մինչդեռ անցած խորհրդարանական ընտրություններին Հակոբյանը մի լավ «քցվել» էր հանուն Մուրադյանի մանդատի։ Հիմա Մուրադյանի համար նոր հորիզոններ Են բացվել, իր ազգուտակին տեղավորում է ոստիկանական համակարգում, աղմկոտ պատմությունների կիզակետում հայտնված փեսային անգամ ՝ Գևորգ Սիմոնյանին, նշանակել տվեց Արարատի մարզային քննչական վարչության պետ։ 2012-ին Սիմոնյանը Մասիսի քննչական բաժանմունքի պետի պաշտոնում ծեծկռտուքի մեջ էր ընկել Արարատի մարզի դատախազ Ա. Նազարպուրի հետ, որին մամուլն անդրադարձել է։ Մուրադյանի մեծ որդու աներորդին նշանակվել է Եղվարդի ոստիկանության պետի պաշտոնում։ Փոքր որդին էլ օդանավակայանի մաքսային ծառայությունում է տեսուչ նշանակվել և անգամ պետ դառնալու ծրագրեր ունի։ Մուրադյանն էլ երախտամոռ չէ ու կուսակցությունում իր կապերն է գործի դրել, որպեսզի Թույների Մհերի որդին, որը Մասիսում չի ծնվել ու հիմա էլ բնակվում է Երևանում, ստանա ՀՀԿ-ի աջակցությունը և դառնա Մասիսի քաղաքապետ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։