▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարզպետը լավ էլ տեղյակ է եղել Տիգրանաշենի հանձնման գործընթացին». Հասմիկ Բաբաջանյան

Լրագրող Հասմիկ Բաբաջանյանը «Հրապարակ»-ի իր հոդվածում գրում է. «2021 թվականին, երևի հիշում եք, մամուլում ու սոցիալական ցանցերում աղմուկ բարձրացավ Տիգրանաշենի մասին։ Կառավարության կայքում տեղադրված` համայնքների խոշորացման ծրագրի մեջ Տիգրանաշենը չկար։ Փաստաթղթում նշվում էր, որ Արարատ համայնքի կազմում ներառվում են 12 բնակավայրեր՝ քաղաք Արարատ, գյուղ Արարատ, Ավշար, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Լանջառ, Նոյակերտ, Պարույր Սևակ, Սուրենավան, Վարդաշատ, Ուրցալանջ։

Մի քանի օր առաջ հոդված էի գրել՝ «Տիգրանաշենը Պարույր Սևակ գյուղի մի փողոցն է» վերտառությամբ, որտեղ ներկայացրել էի, որ առ այսօր Տիգրանաշենը կարգավիճակ չունի և Պարույր Սևակ համայնքի մի փողոցն է։ Հենց այդ պատճառաբանությամբ էլ հավանաբար կառավարության կայքում Տիգրանաշենը` որպես համայնք, չկար։ Այդ ժամանակվանից սկիզբ առավ Տիգրանաշենի հանձնման կասկածանքը, խոսակցությունները։ Այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի գյուղերն ու Տիգրանաշենը խոստացել է տալ Ադրբեջանին, ակտիվորեն սկսեց շրջանառվել երեք տարի առաջ։ Իշխանության սպասարկուները սկսեցին հերքել այդ տեղեկությունը։ Այդ աղմուկ- աղաղակի, տարաբնույթ խոսակցությունների ֆոնին Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հունիսին մարզպետարանի ֆեյսբուքյան էջում գրեց․ «Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր հայտնի «ընդդիմադիր» շրջանակների կողմից մամուլ սպրդեց տեղեկություն, թե իբրև առաջիկայում Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին են հանձնելու Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը։ Հասկանալի է, որ կրկին իշխանության գալու մոլուցքով տառապող հայտնի շրջանակները չեն խորշում տարածել անգամ ամենաստոր և լկտի ստերը, այդպիսով նպատակ ունենալով նաև խուճապ և լարվածություն առաջացնել բնակչության մոտ։ Այս գործելաոճը մեկ անգամ ևս փաստում է մերկապարանոց և ստահոդ լուրերով հասարակությանը մեդիատեռորի ենթարկելու նրանց կողմից որդեգրված քաղաքականության իրականացումը։

Հարգելի՛ արարատցիներ, ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից կոչ եմ անում չհավատալ տարածված ապատեղեկատվությանը։ Արարատի մարզի սահմանները հսկվում են Հայաստանի Զինված ուժերի կողմից և որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու՝ ո՛չ հիմա, ո՛չ երբևէ։ Յուրաքանչյուրս մեր տեղում շարունակենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը»։ Հետո երբ մարզպետը հրաժարական տվեց, 2021 թվականի սեպտեմբերին նոր հայտարարությամբ հանդես եկավ․ «Մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել: Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից»։ Այսօր, երեք տարի անց, երբ այդ հարցը նորից թեժացել է, հիմք ունենք մտածելու, որ մարզպետը լավ էլ տեղյակ է եղել Տիգրանաշենի հանձնման գործընթացին և ժամանակին «պոչը ծալել», հրաժարական է տվել։ Այլապես թող այսօր հիմնավորի, որ կեղծ ու անհիմն շահարկումներ են Տիգրանաշենի հանձնումը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին