Asekose.am-ի հետ հարցազրույցում Արման Խարազյանը պատմեց այն մասին, թե՞ ինչն է օգնում նրան լինել հաջողակ:
- Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:
- Կարծում եմ աշխատասիրությունը: Անցնելով կյանքի հարուստ դպրոց, որի համար շնորհակալ եմ Աստծուց` հասկացել եմ մի բան, որ ինձ համար այս կյանքում այլևս վախենալու ոչինչ չկա, քանի որ ճակատագրի բերումով անցել եմ բավական դժվար ճանապարհ, և ինձ հարազատ մարդիկ ու ընկերներս գիտեն, թե ինչ դժվար է եղել իմ կյանքում ունեցած ամեն մի ձեռքբերումը: Եթե ուզում ես կյանքում ինչ-որ հաջողության հասնել, ուղղակի` մարդկային թուլությունները պետք է մի կողմ դնես ու աշխատես, քանի-որ առանց աշխատանքի հնարավոր չէ հաջողության հասնել ոչ մի ասպարեզում: Կարծում եմ այլապես մենք այսօր չէինք զրուցի:
- Ի՞նչ տրամադրությամբ եք այսօր արթնացել:
- Հիանալի: Ցնցուղ եմ ընդունել, նախաճաշել ու եկել աշխատավայր` Ավանտա բժշկական կենտրոն, որտեղ անցնում է իմ օրվա մեծ մասը, իսկ երեկոյան պետք է գնամ 21TV հեռուստատեսություն հաղորդման Ամանորյա նկարահանումներին: Միշտ աշխատում եմ պատվով կատարել այն ամենը ինչ ինձ է վստահված, որպեսզի այն գնահատվի ոչ միայն պրոֆեսիոնալների կողմից, այլ նաև այն մարդկանց կողմից, ովքեր ուղղակի հետևում են մեր աշխատանքին:
- Կարծում եմ Դուք արդեն ապացուցել եք, որ պատահական ուղևոր չեք այս կյանքում:
- Շնորհակալ եմ: Դրա համար ես շատ եմ աշխատել և դեռ աշխատում եմ:
- Հիշու՞մ եք, թե ի՞նչի վրա եք ծախսել Ձեր առաջին աշխատավարձը:
- Իմ առաջին աշխատավարձը ստացել եմ, երբ 14 տարեկան էի: Չեմ կարող հիշել հստակ թիվը, եթե չեմ սխալվում մոտ 1500 դրամ էր, որը ծախսեցի քույրիկիս նվեր գնելու համար: Այնպես էի ուրախացել, որ ավել ոչինչ չէր հետաքրքրում:
- Ինչպե՞ս եք վերաբերում փողին և ինչի համար չեք խնայի ….
- Իմ ընտանիքի բարեկեցության համար, ընկերներիս և այն մարդկանց համար ովքեր ունեն օգնության խիստ կարիք: Ես ծախսող մարդ եմ և դա կարող են հաստատել ինձ ճանաչողները:
- Ինչպե՞ս եք զգում Ձեզ եթերից դուրս:
- Շատ լավ: Սիրում եմ աշխատանքս, այն թիմը ում հետ աշխատում եմ, ինձ դուր է գալիս, թե ինչպես եմ ապրում: Իհարկե կյանքում կարևոր է ներդաշնակությունը, ինչը իմաստության գագաթնակետն է, երբ մարդ զգում է, որ մոտ է ներդաշնակությանն ու կարողանում է համերաշխ ապրել ինքն իր հետ, գտնելով իր և աշխարհի միջև այդ համերաշխությունը: Ես դեռևս դրան չեմ հասել...
- Ինչի ՞ մասին եք երազում 2015-ին:
- Չգիտեմ սա երազանք է, թե ոչ, բայց ցանկանում եմ, որ մեր ժողովուրդն ապրի վերջապես արժանապատիվ կյանքով, գեղեցիկ, անհոգ, զարգացած ու ապահով Հայաստանում՝ երկրում, որտեղից մարդիկ չեն ցանկանա արտագաղթել: Հուսով եմ՝ “Այծի” տարում կգտնեմ նաև այն միակին, ում հետ կցանկանամ անցնել կյանքիս մնացած ճանապարհը:
Հեղինակ`
Սաթ Խաչատրյան