«Հրապարակ» թերթը գրում է. «Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցը մի քանի տարի առաջ անցավ մամուլի բովով: Ակտիվիստ Մարիամ Մուխուդյանը եւ նրա ընկերներն այստեղ աշխատել էին որպես կամավորներ՝ ՄԱԿ-ի ծրագրով երեխաներին համակարգչից օգտվել ու նկարել էին սովորեցրել: Այցելությունների ժամանակ Երեխաներն անկեղծացել ու պատմել էին, որ հայոց լեզվի ուսուցիչ Լ. Ա.-ն անառակաբարո գործողություններ է կատարել իրենց հետ:
2010 թվականին ուսուցչին մեղադրանք առաջադրեցին Քրօր. 142 հոդվածի 2-րդ կետով՝ սաների նկատմամբ բռնությամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Իսկ դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանն ազատվեց աշխատանքից: Հատուկ դպրոցների համակարգում բարեփոխումներ սկսվեցին:
Վերջերս հետաքրքրվեցինք, թե ինչ փոփոխություններ են կատարվել այս դպրոցում հայտնի սկանդալից հետո: Պարզվում է, որ Մերուժան Ենգիբարյանի՝ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո այս պաշտոնն զբաղեցրել է նրա փեսան՝ Խաչիկ Մուրադյանը: Այս նշանակումը նրա անձնական կյանքում էլ վճռորոշ է եղել՝ ամուսնացել է նախկին տնօրենի աղջկա հետ եւ նրան փոխանցել իր պաշտոնը:
Նրանից հետո դպրոցի տնօրեն է նշանակվել Մերուժան Ենգիբարյանի դուստրը՝ Անահիտ Ենգիբարյանը: Այսպես, ընտանիքի անդամները դպրոցը փոխանցել են միմյանց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում