Լեհաստանի Օստրուվ-Լյուբելսկի քաղաքում նոյեմբերի 6-ին 91-ամյա Յանինա Կոլկևիչին տեղափոխել էին դիահերձարան: Որոշ ժամանակ անց դիահերձարանի աշխատակիցները նկատել են, որ սև պարկը, որի մեջ գտնվում էր կնոջ մարմինը, սառնարանային խցիկում սկսել է շարժվել:
Վերակենդանացած կնոջ զարմուհու խոսքով` «հանգուցյալը» ոչինչ չի հիշում դիահերձարանում գտնվելուց, պարզապես տուն գալուց հետո դժգոհել է ցրտից և տաք թեյ է խնդրել:
Հատկանշական է, որ 91-ամյա կնոջ բժշկի խոսքով` ինքը վստահ էր, որ ծեր կինը մահացել է.
«Ես եմ կազմել մահվան վկայականը։ Նրա սիրտը չէր բաբախում, նա չէր շնչում:Ես ապշած եմ, չեմ հասկանում՝ ինչ է տեղի ունեցել»:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, չի բացառվում, որ մահվան վկայական գրած բժիշկը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել: