Այն, որ Լոս Անջելոսում հայկական համերգների և միջոցառումների պակաս չի զգացվում՝ դա փաստ է, բայց դրանցից որքանն են, իսկապես, մշակութային ձեռնարկներ՝ սա լրջորեն քննարկման թեմա է:
Այսօր, Գլենդելի որոշ շրջանակներում խոսակցություն էր պտտվում, որ երկար տարիների դադարից հետո վերջապես մեծ համերգի է պատրաստվում սիրված և ճանաչված երգիչ, հայկական ժողովրդական երգերի անզուգական կատարող՝ Պապին Պողոսյանը:
Չճշտված տեղեկությունների համաձայն, համերգը կազմակերպվում է համայնքում սիրված երգիչ Գագիկ Բադալյանի հետ համատեղ:
Կապ հաստատեցի GRAND PARTY ընկերության հետ, որը ըստ շրջանառվող լուրերի, համերգի նախաձեռնողն է:
Կազմակերպության տնօրեն Արտակ Մարտիրոսյանը հաստատեց տարածված տեղեկությունները, բայց հրաժարվեց մանրամասներ փոխանցելուց, միայն ասաց , որ, իրոք, կազմակերպվում է այդպիսի համերգ, և այս պահին իրենք նախապատրաստական, կազմակերպչական ակտիվ աշխատանքի մեջ են:
Ամեն դեպքում, որպես անաղարտ ու մաքուր հայ երգարվեստի երկրպագու, չեմ կարող գոհունակությունս չհայտնել այս նախաձեռնության կապակցությամբ:
Հաջողություն եմ մաղթում GRAND PARTY կազմակերպությանը այսպիսի մշակութային և ազգանվեր միջոցառում կազմակերպելու համար:
Գայանե Մանուկյան
Միացյալ Նահանգներ