Armlur.am-ը գրում է, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդի Շահենը տեղեկացրել է, որ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի բակում հնչած կրակոցների հեղինակը՝ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը, ո՛չ իրենց ընտանիքի, ո՛չ էլ «Ցեղակրոն» կուսակցության հետ կապ չունի: Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ ինքը ոստիկանության կողմից արդեն ձերբակալված երիտասարդին մի քանի անգամ տեսել է իրենց հավաքների և նստացույցների ժամանակ: «Մտքովս անգամ չէր անցնի, թե առաջին դատական նիստին նման բան կարող էր տեղի ունենալ»,- նշեց Շահենը:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել դատարանի բակում։ 1983թվ-ին ծնված Հայկ Կյուրեղյանը կանգնել է մեքենայի վրա՝ գազային ատրճանակը ձեռքին ու հայտարարել. «Այստեղ ռումբ է տեղադրված, մեկը չկա՞, որի ինձ գա բռնի»:
Ոստիկանությունից էլ փոխանցում են, որ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ:
Կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ատրճանակն առգրավվել է: