▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Թլիկ գյուղում. վիրավորների թվում են վարչական ղեկավարը, նրա որդին ու մայրը

Թարմացված․ 2024 թվականի օգոստոսի 15-ին Արագածոտնի մարզի Արևուտ համայնքի Թլիկ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ․ օգոստոսի 15-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, հիշյալ բնակավայրի վարչական ղեկավարի աղջկա ամուսնու հարազատները, անձնական դրդապատճառներով, «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով գնալով հիշյալ բնակավայր, մոտեցել են վարչական ղեկավարին, իջնելով ավտոմեքենայից՝ հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին և ձեռքերով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին։

Այնուհետև նրանցից մեկը՝ 40-ամյա տղամարդը, մեքենայից հանելով զենքը, կրակել է օդ, ապա՝ հիշյալ պաշտոնատար անձի ուղղությամբ, իսկ 33-ամյա տղամարդը քարով հարվածել է վերջինիս գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այդ ընթացքում հիշյալ անձանցից երկուսը ծեծի են ենթարկել նաև բնակավայրի վարչական ղեկավարի որդուն, ով միջամտել էր վիճաբանությանը՝ հետագա զարգացումները կանխելու նպատակով։

Քրեական վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել է 3 կրակված պարկուճ, վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշակական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։

***

Այսօր՝ օգոստոսի 15-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում, ոստիկանության Թալինի բաժնում, Ազգային անվտանգության ծառայության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թլիկ գյուղում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի տներից մեկի բակում հայտնաբերել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, քարեր որոնց վրա նույնպես առկա է եղել արյուն։

Ոստիկաններն ու պարեկները տեղում պարզել են, որ նշված վայրից «Թալին» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչներ Սլավիկ Սալոյանը, Մանվել Սալոյանը և 1 մեծահասակ կին։

Աղբյուրը հայտնում է, որ վիրավորներից Սլավիկ Սալոյանը Թլիկի վարչական ղեկավարն է, Մանվել Սալոյանը նրա որդին է, իսկ վիրավոր մեծահասակ կինը մայրն է, ով քաշքշոցի ընթացքում է վայր ընկել և ստացել վնասվածք։

Աղբյուրի տեղեկություններով՝ ծեծկռտուքի մասնակիցները վարչական ղեկավարի ազգականներն են և ոստիկաններն ու քննիչները, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզի և Թալինի բաժնի աշխատակիցները դեպքի մանրամասները ամբողջությամբ ճշտել են օպերատիվ տվյալներով և գիտեն նաև կրակոցներ արձակողի ինքնությունը և որ նրանք դեպքի վայր են ժամանել սև գույնի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով։ Նրանք այս պահին ոստիկանության կողմից որոնվում են։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին