«Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության կողմից իր վերահսկողության ներքո գտնվող տարածքների բնակչության հանդեպ կիրառվող բավականին խիստ և բիրտ քաղաքականությունը, պատժամիջոցները շատերի ուշադրության կենտրոնում են գտնվում, չնայած՝ քչերն են ինչ-որ գործողություններ ձեռնարկում այս կառուցի դեմ, կամ արտահայտում իրենց վրդովմունքը: Գաղտնիք չէ, որ խմբավորման շարքերում կան ադրբեջանցիներ: Տարածաշրջանում սպառնալիքների, պետությունների սակավ անդրադարձի, կառույցի՝ նման դաժան գործողությունների և աշխարհին ուղղված հաղորդագրության մասին զրուցել ենք արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:
«Իսլամական պետության ներկայացուցիչները սուննիական իսլամի ծայրահեղ ուղղության՝ սալաֆիականության հետևորդներ են: Կառույցի շրջանակներում գործող ադրբեջանցիներն առաջին հերթին սպառնալիք են ալիևյան վարչակարգի համար, որովհետև Ադրբեջանում բնակչության 70 տոկոսը, նաև իշխանությունը շիական իսլամիստ են: Իսլամական պետության առաջին թշնամիները՝ գաղափարական առումով, հանդիսանում են շիաները.Իրաք, Բաղդադ, Իրան, ալիևյան վարչակարգ:Որպեսզի նրանք իրենց գործունեությունը ծավալեն, գան տարածաշրջան, նրանց առաջին թիրախը լինելու է Ադրբեջանի գործող վարչակարգն ու դրա տապալումը: իսկ սա ենթադրում է, որ Ադրբեջանի և իսլամական պետության միջև համագործակցությունը գոնե գաղափարական առումով բացառված է: Այլ բան է, եթե իրենց ազդեցությունը կարողանան տարածել Ադրբեջանի սունիական շրջանների վրա, մինչդեռ ակհայտ է, որ գործընթացը վերահսկվում է»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արաբագետը:
Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, նրա խոսքով, այս երկիրը համագործակցում է կառույցի հետ, կան մի շարք փաստեր.
«Թուրքիան էր, որ 50 մարդու կարողացավ անվնաս ազատել գերությունից, այն դեպքում, որ չկարողացան Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն: Բացի այդ՝ Սիրայի տարածքում իսլամական պետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներից ոչ հեռու գտնվում է Սուլեյման շահի դամբարանը, որը հանդիսանում է Թուրքիայի պատկանելության ենթակա տարածք, մինչդեռ նրանք հարձակում չեն գործում դրա վրա: Պայթեցնում են եկեղեցիներ, իսլամական մզկիթներ, թալանում են բազում մշակութային հաստատություններ, բայց կոնկրետ այդ կառույցի վրա հարձակում չի իրականացվում: Գնում են քրդական այնպիսի կառույցների դեմ, որտեղ ինքնավարության կայացմանն առաջին հերթին Թուրքիան է խոչընդոտում: Եվ, ամենակարևորը, ԻՊ շարքեր համալրողները հիմանականում հատում են հենթ թուրք-սիրական սահմանը»:
Անդրադառնալով «Իսլամական պետության» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության կողմից հորդանանցի օդաչու Մուադ ալ-Քասասբիին կենդանի այրելու վերաբերյալ տեսանյութի տարածմանը և Հորդանանի՝ ԻՊ-ի դեմ սկզբունքային և վճռական պայքար ծավալելու հայտարարությանը, ԱՄՆ-ի անդրադարձին (որտեղ նախագահ Օբաման ասել էր, որ սա խմբավորման պիղծ ու բարբարոս լինելու ևս մեկ վկայությունն է, ինչը կկրկնապատկի իրենց արթմնի կեցվածքն ու դրանց ոչնչացնելու ուղղված քայլերը) և հարցին, թե ինչո՞ւ հենց հորդանանցի օդաչուի դեպքը մեծ արձագանք գտավ և վերջապես սկսեցին հիշել այս կառույցի մասին, արաբագետը պատասխանեց.
«Նախ օդաչուն կառույցի դեմ իրականացվող ռազմական գործողությունների անմիջական մասնակից էր և նրա կիրառված պատիժն էլ էր ավելի դաժան: Կենդանի այրելը, անգամ շատ մահմաեդական աստվածաբաններ են նշում՝ դեմ է իսլամին: «Կրակի միջոցով կարող է պատժել միայն Աստված»: Սրա նպատակն էր՝ ահ ու սարսափ տարածել բոլոր պետություններում, հասարակության շրջանում: Ակտիվացումն, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ Հորդանանի հնարավորությունները սահմանափակ են»:
Խոսելով կառույցների՝ հատկապես ՄԱԿ-ի միջազգային խաղաղություն և անվտանգության համար պատասխանատու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից որևէ քայլ չձեռնարկելու մասին, Արմեն Պետրոսյանը նկատեց.
«ՄԱԿ-ի կազմում ընդգրկված են այն պետությունները, որոնք իրականացնում են ռազմական գործողություններ.ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա: Այսինքն, անուղղակի կերպով ՄԱԿ-ն է իրականացնում գործողությունները: Բայց այդ՝ պետություններն առաջին հերթին ունեն շահեր: Եվ, հետո ՄԱԿ-ի, մյուս կազմակերպությունների դերակատարությունն ավելի շատ սիմվոլիկ, հումանիտար բնույթի է: Հիմնական նպատակը բարդ իրավիճակում համարվող տարածքում բնակչությանը հումանիտար օգնություն հատկացնելն է, փախստականներին աջակցելը, ուսումնասիրություններ իրականացնելն ու բարձրաձայնելը»:
Իսկ, թե կառույցն ի՞նչ է ուզում ասել նման գործողություններով, արաբագետը մանրամասնեց.
«Դա նրանց գործելաոճն է: Այդ քայլով նրանք իրենց շարքերն են համալրում, դեպի իրենց են գրավում աշխարհի տարբեր երկրներում ծայրահեղ իսլամական գաղափարներ ունեցողներին. Ավստրալիա, Կանադա, Ինդոնեզիա, Ճապոնիա, Չինաստան…Իսկ այս ամենին ուղղակիորեն նպաստում են տեղեկատվական տեխնոլոգիաները՝ գործողությունները ներկայացնելով:
Մարդիկ տեսնում են մասսայական սպանություններն ու ասում են՝ այո, այս կառույցն այն է, ինչ մեզ պետք է: Սա այն պետությունն է, որի մասին երազել է ցանկացած մուսուլման, գնանք, մասնակցենք, ընդլայնենք, նպաստենք դրա կայացմանը»:
Անի Կարապետյան