Ռուսական НТВ հեռուստաընկերությունն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին` նշելով, որ կգտնվեին մարդիկ, ովքեր կուզեին այս ամենն ուկրաինական սցենարով անցկացնել, սակայն չստացվեց:
«Այո, հանրահավաքներ եղել էին, ընդդիմիությունը ստիպեց վարչապետին հրաժարական տալ, սակայն կոտրված ոչ մի ապակի, բռնության ոչ մի հետք, այսինքն` սա գունավոր հեղափոխություն չէր: Մինչ օրս մի կողմից ընդդիմության ճնշումն էր, մյուս կողմից իշխանության արձագանքն էր, որը հանրապետությունում հանգստության պահպանման համար ոչ միայն հրաժարական տվեց, այլև առաջիկա ընտրություններին խոստացավ իր կուսակցությունից թեկնածու չներկայացնել: Այս պահին նրանց հաջողվել է պահպանել հավասարակշռությունը»,- այս մասին ասաց ադրբեջանցի հաղորդավար Իրադա Զեյնալովան:
Նշենք, որ նրանց հատուկ թղթակիցը, ներկայացնելով իրավիճակը, կրկին նշել էր, որ ցուցարարների մոտ ագրեսիա չկար, ավելին` Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ինքնակամ մաքրել էին հրապարակը:
Ռեպորտաժում նշվեց, որ որքան էլ քաղաքական իրավիճակը սրված էր, ապրիլի 24-ին հայերը հարգում էին Եղեռնի զոհերի հիշատակը:
Ընդհանուր ռեպորտաժում շեշտը դրված էր այն բանի վրա, որ այս ցույցերը հակառուսական տրամադրություն չունեն:
Հավելենք, որ լրագրողը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ, ով հարցին` արդյո՞ք Ռուսաստանը կմնա Հայաստանի համար որպես գլխավոր դաշնակից` դրական պատասխան տվեց` պնդելով, որ առաջիկայում Հայաստանում չի լինի կառավարություն, որը հակառակը կասի:
Տեսանյութը դիտել` 23-րդ րոպեից: