Մեր հասարակությունը բավականին հարմարվողական է ու չափազանց հարդուրժող. կարող ենք համակերպվել ու հանդուրժել մեր քաղաքական գործիչների ու պետական հատկապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեղմ ասած «դուրս տված» հիմարությունները, որոնք երբեմն նաև չեն հասնում բանական մարդուն հատուկ հոդաբաշխ խոսքի մակարդակին, հարմարվում ու հանդուրժում ենք պետական քարոզչական մեքենայի կողմից մատուցվող սուտն ու կեղծիքն ու այս ամբողջը դեռ քիչ է, հանդուրժում ենք ու հարմարվում ոմն Կոմիտաս վարդապետ Հովնանյանի արտահայտած «մտքի գոհարներին»:
Անկեղծ ասած` մի քանի անգամ եմ լսել Մայր Աթոռի Հայորդավ տների տեսուչ-տնօրենի ելույթները հեռուստատեսությամբ և առանձնապես տպավորված չեմ. նախ որովհետև, թող ների ինձ և վարդապետը և թող ներեն ինձ առաքելական եկեղեցու ազնիվ ու նվիրված հավատացյալները, բարձրաստիճան այս հոգևորականի ելույթներն ինձ հիշեցրին ֆաշիստական Գերմանիայի մասին պատմող փաստա-վավերագրական ֆիլմերում հաճախ հանդիպող Հիտլերի ելույթներին կամ Գեբելսի «ճղճղոցներին». եթե բացեմ փակագծերը, ապա Կոմիտաս վարդապետ Հովնանյանի խոսքը տիպիկ պոպուլիստական ու դեմագոգիկ ելույթ է և ոչ ավելին. ընդ որում միևույն գաղափարական առանցքի շուրը պտտվող` ՈՋԻԼԻ ՄԱՍԻՆ հայտնի անեկդոտ-առակի նմանողությամբ. «Ձուկն ունի թեփուկներ, եթե թեփուկներ չունենար, կունենար մազ, իսկ մազի մեջ կլիներ ոջիլ ու .....» ոջիլի թեման է պտտեցվում համարյա մի հարյուր անգամ: Ինչևէ: Սակայն սա չէ առանձնապես մտահոգիչը:
Հիմա մարդ է գուցեև սեփական նախաձեռնությամբ գուցե և ուղղորդումով փորձում է ուշադրություն գրավել իր ճոռոմաբան ճարտասանությամբ, հանրության ուշադրությունը շեղել հասարակական սոցիալական տնտեսական քաղաքական և այլ ցավոտ հարցերից իր պաթետիկ փայլուն դերասանական ճառերով կամ էլ եկեղեցու պահանած անդրդվելի լռության դիմացը եղած «բաց տարածքն է փորձում լցնել»:
Բայց ինչպես է այդ ամենն անում վարդապետ Հովնանյանը, ինչ թեմատիկա է ընտրում իր խոսքի ու հատկապես ֆեյսբուքյան գրառումների համար. խոսում է սեքսի պոռնոգրաֆիայի, էրոտիկայի մասին ու փորձում հակադրել այն և հանրային բարոյականության խրատներին ու ազգայինին` համեմված դերասանական տաղանդով, ճոռամաբանությամբ, ճարտասանական հնարքներով ու պաթետիզմով: (Ի դեպ, եվրոպական և համաշխարհային շատ այլասերումների վերջին լուրերն ու թարմ նորությունները իմացել եմ հենց Կոմիտաս վարդապետի գրառումներից ու խոսքից, որոնք փոխանցում են ընկերներս, ու տպավորությունս այնպիսին է, որ այս մարդը ակնդետ հետևում է համաշխարհային սեքս-պոռնո-էրոտիկ նորություններին, աստղային սկանդալներին թեժ ու կրքոտ թեմաներին մի խոսքով):
Ասեմ, կարող է բարոյախրատական այս տեսակ մոտեցումն աշխատել, եթե անընդհատ նույն առանցքի շուրջը չպտտվի, չկրկնվի, ու դրանով իսկ չհոգնեցնի չձանձրացնի ու վերջապես չզզվեցնի լսարանին: Բայց Կոմիտաս վարդապետի մոտ հենց այդ բազմազանությունն էլ պակասում է ու հենց այդ միօրինակությունն էլ պատճառ է, որ նրա խոսքը դառնա նույնիսկ տհաճ: Սա առաջին հարցը, այժմ հաջորդ հարցին անդրադառնանք: Երբեմն, իսկ մեր իրականության մեջ նույնիսկ ավելի հաճախ, լռելն առավել խելամիտ է, քան խոսելը ամեն` ժարգոնով ասած` «այլան չայլան» թեմաներով. մեկ անգամ խոսելն ու հեղինակավոր կարծիք ասելը շատ ավելի ազդեցիկ է, քան ամեն օր նույն «մակարոնը մարդկանց ականջներից կախել»-ը, ծանր տեղը, իսկ Կոմիտաս վարդապետի մասով` չափազանց ծանր տեղը, թեթևացնելը ... Ու ինչի դիմաց` ընթերցող լսարանի Ֆեյսբուքում, թե էկրաններին ցուցադրվելու հեռուստատեսություններում: Կներեք, բայց այս դեպքում մի հարց. իսկ արդյո՞ք Կոմիտաս վարդապետին «զվյոզդնին չի խփել»: