▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեսգիշերն անց՝ Քննչական կոմիտեի դիմաց քաղաքացիները փողոց են փակել

Կեսգիշերն անց՝ Քննչական կոմիտեի դիմաց քաղաքացիները փողոց են փակել

***

Քննչական կոմիտեից բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են ՁՊՎ-ներ, Քննչական կոմիտեի մոտ հավաքվելու կարիք այլևս չկա: Շուտով պատգամավորները ձերբակալվածներին սնունդ և դեղորայք կհասցնեն։

***

ԱԳՆ-ի շենքի դիմացից բերման ենթարկված 29 քաղաքացիները, որոնցից 25-ը՝ Կենտրոնի, 4-ը՝ Շենգավիթի ոստիկանական բաժիններում են, զանգվածային անկարգության մեղադրանքով են ձերբակալվել, հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը: Հոդվածը ենթադրում է 4-8 տարի ազատազրկում:

«Այսօր տեղի ունեցածը խտրական արդարադատության հերթական օրինակն էր»,- նշեց նա:

«Ունենք 7 վիրավոր անձ, որոնք ոստիկանների գործողությունների հետևանքով բավականին ծանր վիրավորում են ստացել։ Բոլորը ծանր ու միջին վիրավորում ունեն։ Ինչն է հետաքրքիր։ Մենք տեսանյութում տեսնում ենք, որ ինչ-որ առարկաներ, շշեր են նետվում ոստիկանների ուղղությամբ և անմիջապես սկսում են գործողություն անել։ Բայց գործողությունն արվում է ոչ թե այն մարդկանց նկատմամբ, որոնք շշեր էին նետում, այլ Սրբազանի մոտ կանգնած մարդկանց նկատմամբ։ Պարզ է չէ, որ սա սադրանք է, ակնհայտ սադրանք»,- ասաց Սերգեյ Հարությունյանը։

***

Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ: Այս մասին տեղեկանում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքից:

«Նրա նախնական ձերբակալման 6 ժամը լրացել է: Դրանից հետո նրան կարող էին պահել միայն ձերբակալման որոշման առկայության դեպքում: 6 ժամը լրանալուց հետո ձերբակալման որոշում չկա, սակայն նրան ազատ չեն արձակում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Թարմացում. ավելի ուշ Աշոտ Հարությունյանի դուստր լրագրող Լիլիթ Հարությունյանը հայտնեց, որ Աշոտ Հարությունյանին տեղափոխում են ձերբակալվածների պահման վայր»,- գրում է ալիքը:

***

«Վարչախումբը ձերբակալել է «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանին` զանգվածային անկարգություններ կազմակերպելու շինծու մեղադրանքով: Խստորեն դատապարտում ենք մեր պայքարի ընկերոջ ձերբակալությունը և օրինական բոլոր միջոցներով հասնելու ենք նրա շուտափույթ ազատ արձակմանը»,- այս մասին տեղեցնում է Խորհուրդը։

***

2024թ. մայիսի 31-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպիչների և մասնակիցների կողմից իրականացվող անհնազանդության գործողությունների ժամանակ պահպանության ենթակա՝ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց 3 Կառավարական տուն 2 հասցեում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք մուտք գործելու նպատակով, ոստիկանական պատնեշը հաղթահարելու համար, բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ։

Ակցիայի մասնակիցների շրջանակից նշված վայրում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների ուղղությամբ նետվել են քարեր, ջրով լցված տարաներ, ծխարձակող ճայթուկներ և այլ առարկաներ։

Զանգվածային անկարգությունների մասնակիցներից ոմանք այդ գործողությունների ժամանակ հնչեցրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը գրավելու կոչեր:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ, որի շրջանակներում 28 անձ տեղափոխվել է Ոստիկանության բաժին:

Հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարզվել է, որ Ոստիկանության 7 աշխատակից դիմել է բուժօգնության, բուժհաստատություններ են դիմել նաև մասնակիցներից։

Որոշումներ են կայացվել, հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, նշված 28 անձանց ձերբակալելու վերաբերյալ։

Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ առերևույթ անկարգությունների կազմակերպիչ և մասնակից անձանց ամբողջական շրջանակը, յուրաքանչյուրի ինքնությունը պարզելու, նրանց արարքներն անհատականացնելու, նշված անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Այդ նպատակով ուսումնասիրվում են նաև առերևույթ զանգվածային անկարգությունների ընթացքի նկարագրությանը վերաբերող, համացանցում առկա տեսանյութերը։

Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանությանը տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին