Երկու օր է` Երևանում է ֆրանսիացի հայտնի գեղանկարիչ, Դավիդ Ռոբեսսոնը, ով ստեղծագործում է ֆովիզմի ժանրում:
«Իմ առաջին այցն է Հայաստան: Շոյված եմ, որ ընդունել են այնպես, ինչպես որևէ այլ երկրում չէին ընդունի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գեղանկարիչը:
Նա անկեղծանում է` իրեն Հայաստան է բերել Շուշաննա անունով աղջիկը, ով ներկայացրել է հայ մշակույթը, գործիչներին:
Դավիդ Ռոբեսսոնը նշում է` երազում է բարձրանալ Արարատ լեռը. Թուրքիայի կողմից փորձել է, ինչ-ինչ հանգամանքներ խանգարել են.
«Չնայած, զգացել եմ գերբնական ուժը: Ցանկանում եմ բարձրանալ ու «գտնել» Նոյան տապանում եղած կենդանիներին: Համոզված եմ` բարձրանալով լեռը` կտեսնեմ նրանց»,-անկեղծացավ գեղանկարիչը:
Դավիդ Ռոբեսսոնին գրավել են հայերի անկեղծությունն ու մշակույթի հանդեպ սերը:
«Հայերն ավելի շատ են հետաքրքրված մշակույթով, սիրում են սովորել, իսկ Ֆրանսիայում, որ այդքան զարգացած է մշակույթը, ոչ ոքի չի հետաքրքրում: Հայերն ավելի անկեղծ են, ֆրանսիացիները փակ են, չկիսվող»,-ասաց նկարիչը:
Դավիդ Ռոբեսսոնին Հայաստանում գրավել է քարը, հատկապես տուֆը: «Հայաստանը քարի երկիր է, այստեղ գերադասում են պարզ, հասարակ ճարտարապետական լուծումները»,-նկատեց գեղանկարիչը` հավելելով, որ եղել է Մշակույթի նախարարությունում, գրավել է շենքը.
«Առկա է և' արևելյան և' արևմտյան ոճը, նույնը նաև մարդկանց դեմքերին»,-ասաց նկարիչը:
Նշենք, որ հունիսին Հայստանում տեղի կունենա Դավիդ Ռոբեսսոնի ցուցահանդեսը, իսկ մինչ այդ, նա արվեստանոց ձեռք կբերի, կնկարի, կփորձի բարձրանալ Արարատը...
Անի Կարապետյան