Շողակաթ Վարդանյանը, որի «1489» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ հուլիսի 9-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի մարդիկ, շնորհակալ եմ ձեր ջերմության համար, դեռ հուզված եմ` սկսած էն պահից, երբ հուզվեցի բեմին` հանկարծ հասկանալով, որ Հայաստանում եմ ու տեսնելով շատերիդ` դեռ ֆիլմից առաջ հուզված դեմքերը:
Ես շատ կուզեի հիմա միայն ձեր տված դրական զգացումի մեջ լինել, բայց անմիջապես բացասականն էլ տվեցիք ու հիմա կարևոր ու զայրացած ասելիք ունեմ:
Ջնջեք ֆիլմի էկրանից արված կադրերը: Ես ձեզ ֆիլմ եմ տվել, որ փայփայեք, ոչ թե համարեք, որ ինչ ուզեք, կարող եք անել:
Հասկանում եմ, որ հուզմունքից եք նկարել, բայց չի կարելի:
Նախ, ես ունեմ ֆիլմում գտնվող մարդկանց պաշտպանելու պարտավորություն: Իրենք ինձ են թույլատրել իրենց նկարել՝ ձեզ թույլ չեն տվել, ինձ են վստահել՝ ձեզ չեն վստահել:
Երկրորդ, ուզում եք այլ փառատոններ չգնա՞ ֆիլմը: Կա սահմանված քանակ նյութի, որ կարելի ա հրապարակել: Դա ղեկավարողը ես եմ ու ամեն մեկը չի կարող ինքնագլուխ տիրապետել իմ ստեղծածն ու աշխատանքը:
Հետո, իմ հեղինակային ու գույքային իրավունքներն եք խախտում, հանգիստ կարող եմ դատի տալ:
Ոսկե Ծիրանը պարտավոր էր տեղյակ պահել ֆիլմը սկսվելուց առաջ: Գուցե նաև ֆիլմից հետո, հաշվի առնելով թեման:
Խնդրում եմ բոլոր ֆոտոներն ու վիդեոները ջնջեք ոչ միայն համացանցից, այլև ձեր հեռախոսներից ու կամեռաներից:
Խնդրում եմ, որ էլի շատ-շատ տարածեք, որ մարդիկ իմանան ու կատարեն խնդրանքս/հրամայականս»:
|