▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարելի՞ է արդյոք ՍԵՔՍՈՎ զբաղվել ՀՂԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Հաճախ կարծում են, որ հղիություն և սեռական կյանք երևույթները իրարամերժ են, և հղի կանայք պետք է զերծ մնան սեռական կյանքից. մի կողմից դա վտանգավոր է` վիժման վտանգի առաջացման առումով, մյուս կողմից` կարծես թե հղի կնոջ կերպարը այնքան էլ չի զուգակցվում սեռական կյանքի հետ: Բացարձակ առումով թերևս խորհուրդ է տրվում խուսափել սեռական հարաբերություն ունենալ հղիության վերջին մեկ ամսվա ընթացքում: Սակայն ընդհանուր առմամբ հղիությունը չի կարող հակացուցում լինել սեռական կյանքի համար:  Ինչո՞ւ հղի կանայք կարող են հանգիստ ապրել սեռական կյանքով: Ինչպես գիտեք, հղիությունը ընթանում է արգանդի մեջ, որը փոքր կոնքի խոռոչում ամուր կապերով տեղադրված, հաստ մկանային պատերով սեռական օրգան է և հուսալիորեն պահպանում է զարգացող պտղին արտաքին վտանգավոր ազդակներից: Սեռական հարաբերության ժամանակ մասնակցում է միայն կնոջ հեշտոցը, որը մկանային խողովակ է և միայն իր վերին հատվածով է հարևան արգանդի վզիկին: Սեռական հարաբերության ժամանակ առնանդամի ներհրումները հեշտոցային խողովակում կարող են տարբեր խորության լինել, որից կախված է` կհասնի առնանդամի գլխիկը արգանդի վզիկին, թե` ոչ: Եթե այդ ներհրումները խորը չեն, ապա արգանդի վզիկը մնում է միանգամայն ինտակտ: Եթե անգամ ներհրումները խորն են, արգանդի վզիկը իր շարժունության շնորհիվ կարող է այնպիսի դիրք գրավել, որ առնանդամի յուրաքանչյուր հերթական հարված նրան չդիպչի: Հեշտոցը ունի կոնֆիգուրացիայի փոխության ֆիզիոլոգիական մեծ հնարավորություն: Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում ընթացող հորմոնալ բուռն փոփոխությունները անդրադառնում են կնոջ սեքսուալ ցանկության, սեռական գրգռման և հեշտանքի հասնելու կարողության վրա: Սեռական ցանկությունը բարձրանում է, սեռական գրգռումը դառնում է ավելի դյուրին և երբեմն հենց հղիության ընթացքում առաջին անգամ կինը վերապրում է օրգազմի զգացում:

Հղիության ընթացքում հեռու մնալով իրենց ամուսիններից՝ կանայք ծանր փորձության են ենթարկում վերջիններիս, քանի որ հարկադրում են նրանց ապրել սեքսուալ ձեռնպահություն: Ոչ բոլոր տղամարդիկ են ի վիճակի հանգիստ տանել սեքսուալ ձեռնպահության հարուցած ներքին ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը: Իհարկե խորհուրդ տալով հղիության ընթացքում սեռական կյանքից հեռու չմնալ՝ մենք, այնուամենայնիվ, ուզում ենք ընդգծել, որ սեռական կյանքը փոքր-ինչ պետք է տարբեր լինի հղիության ընթացքում: Եվ դա հատկապես վերաբերում է սեռական հարաբերության դիրքին: Կնոջ դիրքը այնպիսին պետք է լինի, որ ծանրության ճնշում չգործադրվի փորի վրա, ցանկալի է կինը լինի վերևից կամ հարաբերությունը ընթանա կողք-կողքի դիրքով: Հաջորդ պայմանը առնանդամի շարժումների բնույթն է, որը պետք է լինի ոչ շատ ինտենսիվ և բուռն: Վերջապես, որ ամենակարևորն է, պետք է պահպանվեն հիգիենայի խստագույն կանոններ, ոչ մի դեպքում հարաբերություն չունենալ, եթե սեռական օրգաններից կան թարախային արտադրության կամ այլ տեսակի բորբոքային նշաններ: Եթե հղիությունը պաթոլոգիական է, այսինքն՝ կա որևէ վտանգ հղիության ընթացքի հետ կապված, սեռական կյանքով ապրելու կամ դրանից զերծ մնալու որոշումը յուրաքանչյուր դեպքի համար անհատական է և համաձայնեցվում է հղիության ընթացքին հետևող մանկաբարձ-գինեկոլոգի հետ:

 

Հեղինակ`
ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, 
սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, 
դոցենտ Սևադա Հակոբյան

sexology.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին