Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գաբրիել Բալայանը նշանակել է պաշտպանության նախարարի տեղակալ։
Գաբրիել Բալայանն ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ուսումնասիրել է սահմանադրական իրավունք, ուսումնառությունը շարունակել ԱՄՆ-ում (State University of New York at Plattsburgh, American University, Washington College of Law): Նախքան նշանակումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետի տեղակալն էր:
Եղել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվա-հասարակագիտական համալսարանի պրոռեկտոր։
Գաբրիել Բալայանը Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի որդին է և ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի եղբայրը։
«Վատ չի լինի, եթե Գաբրիել Բալայանը զինվորական շորեր կրի, որպեսզի կարողանանք Տիգրան Բալայանից տարբերել: Լուրջ եմ ասում...»,-այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել էր լրագրող Թաթուլ Հակոբյանը:
Ի դեպ, Գաբրիել և Տիգրան Բալայանները միակ զույգ եղբայրները չեն Նիկոլ Փաշինյանի կառավարությունում:
Տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նաիրի Սարգսյանը նշանակվել է վարչապետի օգնական:
2012 թվականին Նաիրի Սարգսյանը եղել է Նիկոլ Փաշինյանի վստահված անձը Մալաթիա Սեբաստիայում։ Նա 5 տարի աշխատել է սոցապ նախարարի օգնական։ Նաիրի Սարգսյանը մասնագիտությամբ հաշվապահ աուդիտոր է, երկրորդ մասնագիտությունը՝ Java ծրագրավորում։
Նաիրիի եղբայրը՝ Հայկ Սարգսյանը, ով քայլարշավի առաջին օրերից Նիկոլ Փաշինյանի կողքն է ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Զույգս, շնորհավորում եմ։ Բարի ծառայություն չափազանց դժվար, պատասխանատու ու հաճելի գործում»:
Նշենք, որ Հայկ Սարգսյանն օրեր առաջ եղբոր հետ լուսանկար էր հրապարակել կառավարական ամառանոցից, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր սահմանամերձ գյուղերի շրջանավարտներին՝ նշելու վերջին զանգի միջոցառումը: