«Բուհերում գիտելիքներ են տալիս, բայց պրակտիկան թերի է: Աշխատաշուկան սպասում է, որ աշխատանքի եկողը որոշակի գիտելիք պետք է ունենա, կարողանա կիրառել դա, կայացնել որոշում: Գործատուն սպասում է, որ շրջանավարտը կարողանա խմբում աշխատել, ընդունել ուրիշների կարծիքը և այլն»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանում բարձրագույն կրթության որակի, նրա` աշխատաշուկայի պահանջներին ու միջազգային չափանիշներին համապատասխանելու մասին` ասաց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը` հավելելով. «Այսօրվա դասախոսները միտված են տալ այնքան շատ գիտելիք, որ հերիքի ամբողջ կյանքում, իսկ գիտելիքը 1-2 տարում հնանում է»:
Ռուբեն Թոփչյանը նշում է` կան դասախոսներ, ովքեր 20-30 տարի դաս են տալիս, բայց երբեք իրենց արտերկրի գործընկերներին չեն հանդիպել.
«Հրամցնում է իր սովորածը, այնինչ, շատ կարևոր է շփումը, առանց դրա առաջ չենք գնա»,-ասաց բանախոսը:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենը որակից բացի մեծ խնդիր է համարում մասսայականացումը.
«Դժվար է քննության ընթացքում որոշել. ցածր ստացողը վերջում լավ մասնագետ կդառնա, թե բարձրը, ուստի մեծ մասին ընդունում են: Այսօրվա դրությամբ ռեսուրսները քիչ են: Դասախոսները ռեսուրս և հմտություն չունեն` սովորեցնել ասենք Բժշկական համալսարանի 600 ուսանողի»:
Ռուբեն Թոփչյանը կարծում է, որ հաճախ կիրառում ենք այնպիսի մեթոդներ, որոնցում համոզված չենք. օրինակ կրեդիտային համակարգը:
«Արդյունքում` դասախոսը շփոթվեց, փոխվեցին մոտեցումները»,-հավելեց բանախոսը:
Անի Կարապետյան