Ինչպե՞ս Ջիվան Գասպարյանը հայտնվեց մեծ կշեռքի մեջ, ինչու՞ էր Կարգինի Մկոն iPad-ը նետել աղբամանի մեջ, ի՞նչ էր անում հաղորդավարուհի Լուլուն դարբնագործական արհեստանոցում, ինչպե՞ս էր Տիգրան Մանսուրյանը թղթից ինքնաթիռներ պատրաստում, ինչու՞ էր Նարեկ Դուրյանը հայտարարություների ստենդին դեղին թղթեր փակցնում ...
Այս և այլ հարցերի պատասխաններ են տալու սույն թվականի մայիսի 27-ին` ժամը 17.00-ին, Նկարիչների միությունում կայանալիք հայ լուսանկարչուհի Էմմա Վիլլի «Ժպտացող արժեքներ» խորագրով ցուցահանդեսին ներկայացված լուսանկարները: Լուսանկարչուհին իր առջև խնդիր է դրել յուրովի ներկայացնել ազգային և համամարդկային արժեքները: Նրա բաղադրատոմսը պարզ է` որևէ իրական արժեք + որևէ նշանավոր անհատ + մի փոքր ժպիտ:
Ներկայացված լուսանկարներում արժեքները ներկայացրել են 21 նշանավոր ու սիրված անձիք, ինչպիսիք են` Տիգրան Մանսուրյանը, Ջիվան Գասպարյանը, Կարեն Ջանիբեկյանը, Գագիկ Գինոսյանը, Նարեկ Դուրյանը, Մկրտիչ Արզումանյանը (Մկոն), Միքայել Պողոսյանը, Լուսիկ Ագուլեցին, The Beautified Project-ը, Ռեինկարնացիայի Ռոլանդը, հանրահայտ ռոլիկներով Լևոնը և այլոք:
«Ժպտացող արժեքներ» խորագրով ցուցահանդեսին հրավիրված են բազմաթիվ հայտնի ու սիրված անհատներ, լրագրողներ, հասարակական-մշակութային գործիչներ և պարզապես ֆոտոարվեստի սիրահարներ:
«Ժպտացող Արժեքները» մարմնավորել են.
- ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ (դուդուկահար, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ)
- ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ (դերասան, սցենարիստ, պրոդյուսեր)
- ՍԵԴՐԱԿ ՄԱՄՈՒԼՅԱՆ(«Հայ խոհարարական ավանդույթների զարգացում եւ պահպանում» հ/կ նախագահ)
- ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ («Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ )
- ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ («Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» և «Mrs. Globe 2009» մրցույթների հաղթող)
- ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ (hեռուստահաղորդավարուհի)
- ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ (դերասան, ռեժիսոր, երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ)
- ՖՈՐՇ (ՎԱՀԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ) - ( երգիչ, երգահան)
- ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ (հեռուստառադիոհաղորդավարուհի)
- ԺԱԿ (ՀԱԿՈԲ ՊԱՊԻԿՅԱՆ) - (հեռուստառադիոհաղորդավար)
- ՌՈԼԱՆԴ ԳԱՍՊԱՐՅԱՆ (“Reincarnation” խմբի հիմնադիր, վոկալիստ ու կիթառահար)
- ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ (կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ)
- ՆԱՐԵԿ ԴՈՒՐՅԱՆ (դերասան, ռեժիսոր)
- ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆ
- ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻ (նկարչուհի, ազգագրագետ),
- ԼԻԴՈՒՇԻԿ (երգչուհի)
- ԺԱԿԼԻՆ ՍԱՐԽՈՇՅԱՆ (բալետի մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ),
- ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ (շախմատի օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր)
- ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲԱՅԱՆ (երգչուհի)
- THE BEAUTIFIED PROJECT (Ռոք խումբ)
- ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ (դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ)