Հեռուստալգրող, երկար տարիներ Հանրային հեռուստատեսությունում աշխատած Կարինե Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ի՜նչ խայտառակ, անմակարդակ, տափակ «հումորներով» հաղորդում է օտարանուն Women's club կոչվածը. ափսոս այդ թանկ ժամերը։ ՀՌՀ կոչվածը չի՞ տեսնում մեր ձանձրալի սերիալները, երկարաշունչ, սխալներով լեցուն գովազդները, օտարանուն հաղորդաշարերը, ( Լեզվի տեսչությու'ն, արթնացի'ր), օրը տասն անգամ տարբեր ալիքներով ցուցադրվող հայկական՝ իհարկե, հրաշալի հին ֆիլմերը, խոհանոցի վերածված եթերները, գրեթե բոլոր ալիքներով ցուցադրվող ճամփորդասերներին, որոնցից մեկն էլ՝ դարձյալ օտարանուն՝Facecontrol, վարում է պատմությունից, աշխարհագրությունից,բառապաշարից զուրկ մի սեթևեթող տղա...Դառնամ ոչ հայերեն շեշտադրությամբ, հրթիռային արագությամբ լուրեր հաղորդողներին, որոնց ասելիքը տաք_տաք կարտոֆիլից բերաններն այրվելու տպավորություն է թողնում, դառնամ միջազգային, քաղաքական թեմաներով հարցազրույց վարող որոշ ինքնագոհների,ովքեր այնքան հեռու են այդ ոլորտներից և այնքան դատարկ՝ աշխարհաքաղաքական իրադարձություններից...Սերիալ, ճաշ, գովազդ, խաղեր, տաշի-տուշի և անվերջանալի «զրիցներ»՝ նույն դեմքերի հետ. ահա հեռուստաընկերությունների այսօրվա խճանկարը՝ բացառությամբ մի քանի հաղորդաշարերի։ Հեռուստաընկերությունները դարձրել են «քուչի բեսեդկա»՝ բակային զրուցարան-տաղավարներ»։