▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանի նախագահը ծրագրել էր այսօր այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել է

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին

Երեկ Իրանի հյուսիս-արևմուտքում կործանված ուղղաթիռում, նախնական տվյալներով, 8 մարդ է եղել, հաղորդում է իրանականTasnim-ը։

Զոհերի թվում են երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արտգործանախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզ քաղաքի իմամ Ալի Ալե Հաշեմը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ նախագահի պահպանության պետ Մեհդի Մուսավին։ Անձնակազմի կազմում են եղել 2 օդաչու և 1 տեխնիկական աշխատող, որոնց անունները չեն նշվում։

***

Իրանի նախագահ Ի. Ռաիսին, արտգործնախարար Հ. Ամիր Աբդոլահիանը և պատվիրակության մյուս անդամները զոհվել են երեկ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, այս մասին հայտնում են BBC-ն, CNN-ը, իրանական պետական Press TV-ն: Նախագահի մահվան մասին լուրը հաստատել է նաև փոխնախագահը: Նշվում է, որ ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է:

***

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տեսանյութ և լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Իրանի նախագահ Ի. Ռաիսին և արտգործնախարար Հ. Ամիր Աբդոլահիանին զոհվել են ավիավթարում։
Սա արդեն պաշտոնական է։
Կից վթարի վայրից առաջին կադրեր են։

Իրանին մաղթենք կայունություն։ Սա, բացի մարդկային ու բարեկամական զգացողությունից, նաև բխում է մեր ազգային-պետական շահերից»:

***

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ակնկալվում էր, որ Ռայիսին կմասնակցի ՀՀ տարածքում տրանսպորտային միջանցքների բացմանը»,- փոխանցում է լրատվամիջոցը։


Հիշեցնենք, որ այսօր Իրանի և Ադրբեջանի նախագահները  մասնակցեցին երկու երկրների սահմանին, Արաքս գետի վրա կառուցված ամբարտակի բացման արարողությանը, իսկ վերադարձի ճանապարհին Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի ենթարկվեց։

***

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և Արտաքին գործերի նախարարություն կոչեցյալը շտապել են հայտարարություններ տարածել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի կապակցությամբ և անհանգստություն հայտնել։

Ակնհայտ է՝ Բաքվում ուղղակի սարսափում են այն բանից, որ ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ, քանի որ իրանական փորձագիտական շրջանակներում տարածված է տեսակետ այն մասին, որ արհեստածին Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի հենց մերձարաքսյան գոտում է գործելու լայն հնարավորություններ ստացել իսրայելական հետախուզությունը»։

***

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։

Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ բոլոր աջակցությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։

***

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, մեկնաբանելով Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված արտակարգ դրությունը, հույս է հայտնել, որ ամենակարող Աստված նախագահին և նրա ուղեկիցներին կվերադարձնի ազգի գիրկը:

«Իրանի ժողովուրդը չպետք է անհանգստանա, երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն»,- ասել է Գերագույն առաջնորդը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ադրբեջանի տարածքում։

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին