▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանը ցանկանում է կործանել Ադրբեջանը

ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Վիգեն Սարգսյանը բանակցությունները է վարել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հետ:

Քննարկվել են երկկողմ պաշտպանական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերվող խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի փոխանցմամբ՝ ՀՀ Պաշտպանության նախարարի՝ Իրան պաշտոնական այց վերջին անգամ տեղի էր ունեցել 7 տարի առաջ:

«Թե՛ Իրանի, թե՛ ՀՀ շահերը բավական համադրելի են տարածաշրջանում: Այս ժամանակահատվածում որոշ աշխարհաքաղաքական իրադարձություններ են տեղի ունեցել, և պետք է ենթադրել, որ այցի ընթացքում քննարկումները եղել են բավական առարկայական: Հաշվի առնելով հանգամանքը, որ վերջին 5 տարիների ընթացքում ադրբեջանական հանրապետության տարածքից տեղի է ունեցել իսրայելական անօդաչու թռչող սարքերի օգտագործում թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի դեմ, ենթադրելի է, որ պետք է տեղի ունենար քննարկում սրանց դեմ պայքարելու շուրջ: Երկու երկրները կհամագործակցեն նաև ռազմաուսումնական ոլորտում, որոնց մասին պաշտոնական հայտարարություններում չենք տեսնում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրանագետը:

Անդրադառնալով Ադրբեջանում բարձրացված աղմուկին՝ Արտյոմ Տոնոյանը նկատեց.

«Ադրբեջանի լրատվամիջոցներում գրել են, թե այս երկու երկրների համագործակցության համար շահագրգռված է Ռուսաստանը ու Իրանն այս քայլին է գնում Ռուսաստանի հրահանգով կամ ցանկությամբ: Սա նորություն էր: Իսկ ընդհանուր առմամբ նշվում է, թե Իրանը ցանկանում է կործանել Ադրբեջանը, ջանում է տեսնել այնպիսի Ադրբեջան, որտեղ շիա հոգևորականության դիրքերն ամուր կլինեն և այլն: Կան նաև մեղադրանքներ ուղղված Իրանի դեմ՝ երկրում հեղափոխություն կազմակերպելու համար: Ադրբեջանում ընդհանրապես վախենում են շիայական ազդեցության մեծացումից, իսկ վերջինների համար 1 հովանավորը Իրանն է»:

Իրանագետը նշում է՝  Իրանում չունեն որևէ երաշխիք, որ Ադրբեջանը Իրանի դեմ չի օգտագործի այն ռազմատեխնիկան, որ ձեռք է բերել Իսրայելից՝ Լեռնային Ղարաբաղի դեմ օգտագործելու համար:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին