▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանցիների ատելությունը թուրքերի հանդեպ հազարամյակի պատմություն ունի. Փաստեր գրականությունից

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com

Նախորդ հազարամյակի ընթացքում երկու հարևան իսլամական պետությունների՝ Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև հարաբերությունները տատանվել են խաղաղ գոյակցության և բացահայտ պատերազմի միջև: Այս երկու պետությունների բնակիչները ունեին ոչ միայն էթնիկական և լեզվական տարբերություններ, այլև բաժանված էին իրենց իսլամական հավատքով. պարսիկները շիա էին, իսկ թուրքերը՝ սունի: Իրանի և Թուրքիայի միջև այս բաժանումները շարունակվում են մինչ օրս:  

Շատ ընթերցողներ ծանոթ են հակաթուրքական հիշատակումներին արևմտյան գրողների աշխատություններում, հատկապես իրար հաջորդող հայկական ջարդերից և ցեղասպանությունից հետո, ինչպիսին ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի դատապարտող խոսքերն էին. «Այստեղով թուրքն է անցել. ամենուրեք սուգ է և ավեր»:

Այդուհանդերձ, քչերին են հայտնի թուրքերի մասին հիշատակումները պարսկական գրականության մեջ: Պարսկահայ Ռուբինա Օհանյանը, որն այժմ բնակվում է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում, լրացրել է այդ բացը իր՝ «Թուրք անվան և բառի մեկնաբանությունը իրանական գրականության մեջ» խորագիրը կրող գրքում: Օհանյանը մանրակրկիտ ուսումնասիրել և պարսկերենից հայերեն է թարգմանել միջնադարյան մի քանի պարսիկ նշանավոր բանաստեղծների տասնյակ տողեր, որոնք արտահայտել էին իրենց խիստ բացասական տպավորությունները թուրքերի մասին՝ բացահայտելով թուրքերի հանդեպ իրանցիների հակակրանքի խոր արմատները:  

Թուրքերի մասին պարսկական հիշատակումները մեզ են հասել մեծանուն պարսիկ բանաստեղծներ Ֆիրդուսուց (10-րդ դար) և Հաֆեզից (14-րդ դար): Թյուրքական ցեղերը առաջին անգամ ներխուժեցին Պարսկաստան 11-րդ դարում, որոնց հաջորդեցին սելջուկները: 13-րդ դարում Իրանը նվաճեցին մոնղոլները, այնուհետև՝ թուրքմենական ցեղերը, որոնք վերջնականապես պարտության մատնվեցին 1592 թվականին: Հետագա դարերի ընթացքում բազմաթիվ պատերազմներ տեղի ունեցան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև:

Օհանյանն իր գրքում ներկայացրել է 13 պարսիկ բանաստեղծների և գրողների մեջբերումները: Մինչ հայերն իրենց սեփական ողբերգական հիշողություններն ունեն թուրքական բռնապետական իշխանության հետ կապված, հետաքրքիր է իմանալ նաև այլ ազգերի մոտ թուրքերի հետ շփումից առաջացած նույն բացասական փորձառությունները:

Ահա պարսիկ միջնադարյան բանաստեղծների որոշ տողեր, որոնք պարսկերենից հայերեն է թարգմանել Ռուբինա Օհանյանը.

Ֆիրդուսի (925 – 1020 ).

«Ոչ ոք թուրքերից իմաստություն չունի, Ոչ մի մարդ թուրքին չի հնազանդվի»:  

Ասադի Թուսի (11-րդ դար).  

«Ոչ ոք չտեսավ թուրքից երբեք հավատարմություն, Իրանցիներից տեսել են միայն հավատարմություն»:

Խավաջա Աբդուլլահ Անսարի (1006 - 1088 ).

«Զարմանք է, թե թուրքը սիրուց բան հասկանա, Քանզի թուրքից զարմանքն այն է՝ չթալանի, չգողանա»:

Նիզամի (1140 - 1203 ).  

«Արքան անգամ չգիտեր՝ հավատարիմ թուրք չկա»:

Անվարի (12-րդ  դար)  

«Քանի դեռ չես ճամփա անցել ազնվազարմ նժույգով, Չգնաս, ճամփան լեցուն է արյունարբու թուրքերով»:

Խաղանի (1120 - 1190).

«Բարեկամաբար արյուն ըմպելն ավանդույթ է հին, Թուրքն արյունախում է ու չի ճանաչում իր բարեկամին»:  

Սաադի (1184 - 1283).  

«Այնժամ ղրկեցիր դու մի ուսանող. Թուրք, որից վատթարը չկա»:

Թուրքերի մասին այս պարսկական նկարագրություններից շատերն այսօր կարող են դիտարկվել որպես ռասիստական, քանի որ դրանք բոլոր թուրքերին անարդարացիորեն պիտակավորում են միևնույն կարծատիպով: Բոլոր ազգերի մեջ էլ կան լավ ու վատ մարդիկ: Սակայն, իրական խնդիրը թուրքական պետության բիրտ քաղաքականությունն է, որ դաժանորեն ճնշել է ազգային փոքրամասնություններին և նվաճած երկրներին՝ հանգեցնելով զանգվածային ոճրագործությունների և ցեղասպանության ընդդեմ արաբների, հայերի, ասորիների, կիպրացիների, հույների և իրանցիների...

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին