Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կառավարության շենքի առաջ բողոքի ակցիայի նպատակով հավաքվել էին տասնյակ արծվաշենցիներ, որոնք ցանկանում էին իրենց խնդիրների բարձրաձայնման նպատակով հանդիպել վարչապետին:
Նրանք ցանկանում են փոխհատուցում ստանալ իրենց անմխիթար տների ու բնակարանների համար, բացի այդ, կան խնդիրներ՝ կապված հողերի սեփականության հետ: Արծվաշենցիները բողոքում են իրենց կենցաղային պայմաններից և նշում, որ ժամանակին ստացել են փոխհատուցում, սակայն դա բավարար չէ:
Նրանց էին միացել նաև եղեգնուտցիները: Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին տեղի ունեցել, քանի որ ցուցարարները ցանկանում էին ներխուժել կառավարության շենք:
Կառավարության նիստից հետո լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե ինչպես կգնահատի ակցիայի մասնակիցներից գործողությունները, մասնավորապես՝ Կառավարության շենք ներխուժելու փորձը, դռներին հարվածելը:
Նիկոլ Փաշինյանը հակիրճ պատասխանեց. «Իրանց դուռն ա, ուզում են՝ խփում են. ՀՀ վարչապետը՝ ակցիայի մասնակիցների՝ կառավարության շենք ներխուժելու փորձի մասին»:
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարության դիմաց արծվաշենցիներին խոստացավ հոկտեմբերի 2-ին ընդունել իրենց և քննարկել խնդիրը:
«Առաջարկում եմ ձևավորել հինգ հոգուց բաղկացած խումբ և հանդիպել ինձ»,- ասաց վարչապետն արծվաշենցիներին։
Ցուցարարները համաձայնվեցին և հեռացան Կառավարության շենքի մոտից: