▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնախաբեությունը լավ բանի չի բերում քաղաքականության մեջ

Իշխանության ներկայացուցիչների կողմից երբեմն կարելի է լսել «մտքեր», որոնք իսկական բուֆոնադա են հիշեցնում: Օրինակ, ասում են, թե որտե՞ղ էին այն ընդդիմախոսները, ովքեր բողոքում են «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոսի հանձնման դեմ, սակայն, այն ժամանակ, երբ 80 տոկոսը պատկանում էր Գազպրոմին, չէին բողոքում: Ի՞նչ կապ ունի, թե որտեղ էին, ասենք թե, գնացել էին խոպան, որովհետև Հայաստանն օր-օրի ծաղկում է, իսկ մեր հայրենակիցները հեռվից տեսնում ու զմայլվում են ծաղկող Հայաստանով, նրանք էլ գնացել էին, որպեսզի հեռվից զմայլվեին: Սա քաղաքականություն է, սա գողական «ռազբորկա» չէ, որ եթե մեկ անգամ արել ես կամ չես արել, ուրեմն միշտ պետք է նման կերպ դրսևորես քեզ: Կամ ի՞նչ է նշանակում որևէ երկիր չկա, որ Ռուսաստանին հաղթել է գազային պատերազմում, այսի՞նքն...

Ուրեմն, Հայաստանը պատերազմո՞ւմ էր ու տանո՞ւլ տվեց, բա, եթե այդպես է, ապա ինչո՞ւ եք հայտարարում, թե սա լավագույն համաձայնագիրն էր: Այսինքն, Հայաստանը ստորագրել է սեփական կապիտուլյացիա՞ն, և դա լա՞վ է: Մեկ էլ հարկ կա հիշեցնելու, որ Եվրոպան միայն աշխարհագրական միավոր չէ, որ մտածում եք, թե ուզենք, թե ոչ, Հայաստանը Եվրոպա է, ինչպես և Շվեյցարիան: Եվրոպան նաև մշակութային, քաղաքական, տնտեսական և արժեհամակարգային տարածություն է, որն ունի հստակ ինստիտուցիոնալ կառուցվածք և ոչ թե տոկոսով փող պոկելու վայր, ու մի քանի միլիոն եվրո ստանալով էլ կարծել, թե մենք Եվրոպայի հետ լուրջ աշխարհատնտեսական հարաբերությունների մեջ ենք: Եվ լավ կլիներ, որ աշխարհագրություն էլ ուսումնասիրեիք, որովհետև Հայաստանը նույնիսկ աշխարհագրորեն Եվրոպա չէ, նույնիսկ, եթե վերցնենք սահմանների բաժանման բոլոր մոտեցումները, Հայաստանը ոչ մի պարագայում չի մտնում Եվրոպա աշխարհամասի մեջ. սա իմիջիայլոց: Իսկ, ընդհանրապես, ինքնախաբեությունը լավ բանի չի բերում քաղաքականության մեջ:

 

Արման Սահակյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին