▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ Վլադիմիր Գասպարյանը պարտակեց գորիսյան հանցագործությունը

Խոսելով Գորիսում տեղի ունեցած հանցագործության, Լիսկայի եղբոր որդու կողմից կատարված դանակահարության և անձի առևանգման մասին ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ ձերբակալված անձինք չկան, քրեական գործ չի հարուցվել, նշանակում է՝ չկա հանցադեպ: Այս հայտարարությունը, երևի, Վլադիմիր Գասպարյանի պաշտոնավարման շրջանի ամենազավեշտականն է, քանի որ հասարակության աչքի առջև տեղի ունեցածը ոստիկանապետը ներկայացնում է որպես չգոյություն, չեղած մի բան… Մինչդեռ ինչպես Գորիսի ոստիկանապետը, այնպես էլ Սյունիքի մարզպետը բոլորովին այլ բան էին հաստատում, բազմաթիվ վկաներ հաստատում էին կատարվածը: Իսկ ահա Գասպարյանն ասում է՝ չի եղել, ու դա նշանակում է, որ ոչինչ չի եղել, բոլորը ստել են, կեղծել են, զրպարտել են Լիսկայի հարազատին: Ստացվում է, որ քրեական գործ պիտի հարուցվի Գորիսի ոստիկանապետի, Սյունիքի մարզպետի և բոլոր այն լրատվամիջոցների դեմ, որոնք ներկայացրել են բոլորովին այլ «իրականություն»: 
Անշուշտ, Գասպարյանը մի հարցում իրավացի է, որ չկա հարուցված գործ, իսկ չկա, որովհետև Սուրիկ Խաչատրյանը կարողացել է «քաղցր աչքով» նայել տուժողին, ինչպես պնդում էին լրատվամիջոցները՝ գումար առաջարկել: Տուժողի մայրը սկզբում հրաժարվել էր վերցնել Լիսկայի առաջարկած երեք հազար դոլարը: Գուցե հետո նո՞ր գնի վրա են կանգ առել ու թաքցրել հանցագործությունը… Վլադիմիր Գասպարյանի կեցվածքն ու հայտարարությունը միայն նրա ցանկությունն ու քմահաճույքը չեն: Ակնհայտ է, որ Գորիսում կատարվածը քննարկվել է երկրի նախագահի կամ վարչապետի մոտ, որոնք հովանավորում են Լիսկային, ու հենց նրանք էլ հանձնարարել են ամեն ինչ անել, որպեսզի տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններից առաջ Լիսկայի անունը նորից չդառնա քննարկման առարկա, հերթական անգամ իշխանությունները չբացահայտեն Լիսկային ու նրա հանցագործությունները: Ու ամեն ինչ արվեց, որպեսզի հերթական անգամ պարտակվի հանրային հնչողություն ձեռք բերած հանցագործությունը:

Լևոն Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին