2017թ.-ի բյուջեի կատարողականի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից հետաքրքրվեց, թե ինչու է «Հանրային հեռուստաընկերությունն» իր ծախսերի 75%-ը փոխանցել «Շարմ Հոլդինգին», որի 50% բաժնեմասը նրան է պատկանում:
Բացի այդ` պատգամավորը հարցրեց՝ ի՞նչ գումարով է Ջաղինյանը ձեռք բերել երկու բնակարան:
Նրան նաև հետաքրքրում էր՝ արդյո՞ք Ջաղինյանը հաստատում է այն տեղեկությունը, որ Հանրային հեռուստաընկերության շենքը գրավադրված է:
Ռուբեն Ջաղինյանը պատասխանեց, որ բնակարանները ձեռք է բերել մինչև պաշտոնը ստանձնելը, և հավելեց, որ չի կարող ամեն ասեկոսեի պատասխանել:
Շենքի գրավադրման մասին Ջաղինյանն ասաց, որ կային սեյսմիկ վթարային վիճակում գտնվող շենքեր՝ փլուզման ենթակա, դրանց թվում էր նաև «Երևան» ստուդիան: «Հանրային կարևոր շենքը գրավադրված չէ, այլ դրված է միայն «Երևան» ստուդիան, և այդ գումարներով էլ մասնաշենքերը վերազինվել են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ «Հանրային հեռուստաընկերությունն» իր ծախսերի 75%-ը փոխանցել «Շարմ Հոլդինգին», Ջաղինյանն ասաց, որ «Հանրային հեռուստաընկերությունը» պատվիրում է ոչ թե «Շարմ» կազմակերպությանը, այլ պատվիրում է outsource մի քանի ընկերության, որոնց թվում է նաև «Շարմը», և նրանք ընդամենը որակով պատրաստում են ծրագրեր և տրամադրում, ինչը նորմալ գործընթաց է: