▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ վերաբերվում է գնահատականին, պետք է միայն օբյեկտիվ լինել` մանավանդ, երբ դա ինքնագնահատական է…

Մոտ մեկ տարի է, ինչ Facebook-ում ստեղծվել է «Ծխացող արշալույսներ» ֆլիմի էջը և ստեղծման առաջին իսկ օրերից հետևել եմ էջին ու սպասում, որ մի օր ֆիլմը կկարողանամ դիտել: Մեկ տարի անց եկավ այդ օրը: Դիտեցի: Դժվարանում եմ ֆիլմի մասին կարծիք հայտնել կամ որևէ կերպ վերլուծել և փորձեցի հեղինակների հետ զրուցել:

            Զրուցակիցս ֆիլմի սցենարիստ և համառեժիսոր Սոնա Տոնականյանն է:

Ինչո՞ւ «Ծխացող արշալույսներ»…

 Երևի ամենադժվար հարցն է, որի պատասխանը ես շատ լավ գիտեմ ու հիմա, որ հարցնում եք… Այ էդ, մեզ համար լավ չէ… Ի դեպ ես հիմա, փիլիսոփայորեն դիվանագիտական պատասխան ունեմ, բայց ուզում եմ ոչ պրոֆեսիոնալ ու անկեղծ լինել… Թե ինչու «Ծխացող արշալույսներ»`  ֆիլմի հեղինակային տեքստում ակնարկ կա, բայց դա արվել է փոխարինելու մի մտքի … Նախնական նախագծում ունեինք տեղացի երիտասարդ հերոսներ, որոնց հետ զրուցում էի նախքան սցենար գրելը և երեխեքից մեկը իմ առավոտի վերաբերյալ հարցին էսպես պատասխանեց. «Մեր քով առավոտները սովորական են, մենակ մե բանմ կռնամ ըսե օր տեղաներես չելած սաղ օդը մխի մեջ կորած է… ինչխոր առավոտ կանուխ մեկը ելել ծխել ու սաղ օդով տարածվել է»,- համարյա բառացի ասացի… Ու էս նախադասությունն  իր հիմնավորած ձևի գեղարվեստական կողմով ֆիլմում հեղինակային տեքստ դարձավ:

Ասացիք նախնական նախագծում, ո՞րն էր նախնական նախագիծը:

Կարծում եմ մի բան անելուց, պետք է մի քանի տարբերակ հաշվի առնել, մանավանդ երբ քո արածը վավերագրական ֆիլմ է, էս դեպքում ոչ թե նախնական նախագիծ է եղել, այլ մի շարք նախնական տարբերականեր, իսկ հիմա ավելի հեշտ է խոսել վերջնականից` նրանից ինչ կա, քան նրանից, ինչ կարող էր լինել: Համենայդեպս եթե որևէ նախնական լիներ, չէր լինի այս վերջնականը:

Եթե ճիշտ եմ նկատել ֆիլմում բնությունը կերպար է դարձված: Ինչպե՞ս կբացատրեք:

Բայց բնությունը միշտ էլ կերպար է եղել… Մեզ համար վիճելի է եղել, արդյո՞ք ցուցադրաբար կերպար տալ, թե թողնել այն կերպարը, որը եղել է… Վերջապես մնաց, քանի որ մեր ֆիլմը չէր կարող ունենալ ավելի հզոր հերոս, քան Ջավախքի բնությունը:

Ֆիլմի ձեռագիրը բավականին հետաքրքիր է` կադրից դուրս կադրեր, արծարծվող բարդ թեմաներ, որոնց հաջորդում են հումորային անցումները: Ֆիլմում երկու ռեժիսորով եք աշխատել` Դուք և Արթուր Ադամյանը, ավելի շատ ում ոճային ներդրումը կա…

(Ծիծաղում է): Ձեր հարցից հետո փորձեմ մտածել ու պատասխանել… Հստակ ձեռագրի ու ոճի մասին բան չեմ կարող ասել, միայն այն, որ կհամաձայնենք` Ձեր ասած արծարծվող բարդ թեմաները իմն են, իսկ հումորային անցումները Արթուրինը:

Ֆիլմում երիտասարդները խաչ են տանում… Այս մասին ի՞նչ կասեք…

Այդ մասին կասեմ, որ ֆիլմում երիտասարդները խաչ են տանում… Մենք նկարել ենք այն, ինչ իրենք են արել կամ որոշել, որ պետք է անեն, սա խաղարկային ֆիլմ չէ, որ գեղարվեստական մեկնաբանություն կարողանամ տալ:

Ինչպես յուրաքանչյուր ստեղծագործություն, այնպես էլ ֆիլմը պետք է ունենա իր ասելիքը: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ եք ձեր ասելիքը հասցրել հանդիսատեսին:

15 տոկոսով… Մեկ-մեկ ինձ ասում են, թե ուշադրություն գրավելու համար եմ նման կերպ արտահայտվում` քավ լիցի,  ուշադրություն գրավելու ավելի հարմար ձևեր կան… Շատ են եղել դեպքեր, երբ հարցրել են, թե ինչ եմ կարծում, ֆիլմն ստացված է, ես պատասխանել եմ կարճ` ոչ  (կամ չէ): Չեմ ուզում արդարանալ, բայց թե ես, թե մեր նկարահանող խումբը ֆիլմը համարում ենք չստացված, էն վերոնշյալ 15 տոկոսն էլ մեր աշխատանքին է վերաբերվում… Ու չեմ էլ ուզում էնպիսի տպավորություն թողնել, որ առաջին փորձերս է և կարելի է սխալվել կամ ունեմ սխալվելու իրավունք` բնավ, էն ինչ չի ստացվել, պետք է ասել անկեղծ և ինչ վերաբրերվում է գնահատականին, պետք է միայն օբյեկտիվ լինել` մանավանդ, երբ դա ինքնագնահատական է… 

Այդ դեպքում, ինչո՞ւ եք ֆիլմը ներկայացրել փառատոնի:

Որպես հեղինակ հետագա աճման ուղին ընդգծելու համար (մի օր սա կբացատրեմ ինչ է նշանակում, բայց ոչ հիմա): Սա ինձ համար բացառիկ փառատոն է, այսինքն հաղթանակը պարտադիր նախապայման չէ, քանի որ փոխարինող մի քանի այլ պայմաններ կան…  Չեմ ուզում ավելի մանրամասն ասել, որպեսզի այլ կարծիք չձևավորվի, կարող եք  նաև էս հարցը չտպել:

Ի՞նչ կավելացնեք մեր զրույցին:

Կասեմ, որ ես գիտեմ, կլինի մի օր, որ կկարողանամ Ջավախքը կինոէկրանից ներկայացնել էնպես, որ բացի շատերից ես էլ կհավանեմ:

Շնորհակալություն:

Մեր ընթերցողը «Ծխացող արշալույսներ» ֆիլմը կարող է դիտել հետևյալ հավելվածում:

 

                                                                                                                                                                    Հարցազրույցը` Լ. Պողոսյանի

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին