Հյուրախաղերով Հայաստանում է գտնվում Վրաստանի ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեն: Վերջինս հանդես է գալու «Мои года-мое богатство» խորագիրը կրող մենահամերգով:
Այս առիթով Վախթանգ Կիկաբիձեն այսօր մասնակցել է կազմակերպված մամլո ասուլիսին` լրագրողների հետ զրուցելով «Мимино» ֆիլմում հանդես գալու, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ իր վերաբերմունքի, վրացական սերիալների և այլ թեմաների մասին:
Նշենք, որ մամլո ասուլիսից առաջ կազմակերպիչները դիմել էին լրագրողներին` խնդրելով քաղաքականության մասին հարցերով հանդես չգալ.
«Խնդրում եմ, ինձ մի հարցրեք` արդյո ՞ք սիրում եմ Վլադիմիր Պուտինին, թե ոչ»,- ասել է Վախթանգ Կիկաբիձեն:
Լրագրողների հետ զրույցում Կիկաբիձեն խոստովանել է, որ Երևան գալիս է ոչ հաճախ, սակայն հաճույքով:
Վախթանգ Կիկիաբիձեն պատմել է նաև, որ վերջին շրջանում իրեն բազմիցս հրավիրել են նկարահանվել վրացական սերիալներում: Երգիչը նշել է, որ չի ընդունել և ոչ մի առաջարկ, քանի որ սերիալ չի սիրում և, հետևաբար, չի էլ դիտում:
Անցնելով տեղի ունենալիք իր մենահամերգին` Կիկաբիձեն նշել է, որ հանդես է գալու ինչպես հին, այնպես էլ նոր ստեղծագործություններով` խոստովանելով սակայն, որ երիտասարդ նոր երգահանների կողմից գրված երգեր չի կատարում, քանի որ չի վստահում: