«Երիտասարդների օրվա կապակցությամբ դեպի Շուռնուխ» Երևանից ավտոարշավ է իրականացվել: Արշավի կազմակերպիչը «Մենք Շուռնուխի հետ ենք» ֆեյսբուքյան նախաձեռնությունն է. միջոցառման կարգախոսն է եղել՝ «Առողջ երիտասարդություն, Ավանդական ընտանիք, Առաջադեմ պետություն»:
Շուռնուխում տեղի է ունեցել խաղողօրհնեքի ծես, որին հետևել է մշակութային միջոցառում՝ նվիրված երիտասարդության միջազգային օրվան. համերգին ելույթ են ունեցել Մկրտիչ Մկրտչյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Անդրանիկ Մանուկյանը և այլք:
Հիշեցնենք, օգոստոսի 4-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում միջադեպ էր տեղի ունեցել «Փինք Արմենիա» ՀԿ-ի աշխատակիցների հետ:
Ներկայացնենք նաև միջոցառման վերաբերյալ քննադատական արձագանքներից. «Գնալ խրախուսել բռնություն կատարողներին և խնջույք կազմակերպել ոչ մի բանով չի տարբերվում Ալիևի կողմից կազմակերպված Ռամիլ Սաֆարովի հերոսացման տոնախմբությունից: Միայն հիվանդ մարդկանց ուղեղում կարող է նման միտք ծագել՝ հերոսացնել բռնություն իրականացնողին: Իսկ գյուղացիներին պետք է օգնել ազատվել տեղական ալիևիկների կողմից օգտագործվելուց»,-գրել է Դավիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում:
Տեսանյութերը՝ Միհրան Հակոբյանի և Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջերից