Life.panorama.am-ը գրում է, որ երգչուհի, դերասանուհի Սոնե Սիլվերը գտնվում է աշխատանքային գերզբաղված շրջանում.
«Հիմա բավականին խիտ գրաֆիկով աշխատում եմ, բայց այդ ամենի մեջ ինձ համար նոր ձեռքբերում եմ համարում «32 թատրոն»-ի «OK» ներկայացմանը մասնակցելը, որի համար շատ շնորհակալ եմ Կարեն Բաբաջանյանին: Սա ինձ համար թատերական գործունեության հարցում կարևոր քայլ է, այստեղ ես գլխավոր դերերից մեկին եմ մարմնավորում, պետք է նկատեմ, որ պրեմիերայից հետո իմ դերասանական հմտությունների վերաբերյալ բավականին լավ արձագանքներ լսեցի, ինչն ինձ էլ ավելի ոգևորեց՝ չունենալով փորձ թատրոնի բեմում, այնուամենայնիվ, հանդիսատեսի համար հաճելի լինել»,-պատմել է նա:
«Թատրոնի բեմում ինձ համար մի նոր աշխարհ եմ բացահայտում, որն արդեն այս կարճ ժամանակահատվածում դարձել է շատ հոգեհարազատ: Ինձ շատ հարմարավետ եմ զգում բեմում»,- ընդգծել է Սոնե Սիլվերը, բայց և վստահություն հայտնել, որ թատրոնը հեռուստասերիալի նման չի խանգարի իրեն երգարվեստում ավելի ակտիվորեն աշխատելու համար.
«Ես կարծում եմ չի խանգարի, քանի որ փոխվել է իմ աշխարհայացքն ու մտածելակերպը, հիմա ավելի շատ ուժ եմ իմ մեջ գտել երգարվեստն ու դերասանությունը համատեղելու համար: Այսօր անգամ տարբեր ոլորտներում իմ զբաղվածությունը ինձ չի էլ բավարարում, ես շատ եմ սիրում ինձ համար նոր ոլորտներ բացահայտել, և հնարավոր է, որ արվեստի այլ ոլորտներում ինձ հանրությունը դեռ էլի տեսնի. արվեստում ես ինձ շատ հարմոնիկ եմ տեսնում»,- նշել է նա:
Թատրոնից բացի երգչուհին տեղեկացրել է, որ աչքաթող չի անում նաև երգը.
«Այս պահին իմ բենդի կազմավորմամբ եմ զբաղվում, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ շատ երկար տարիներ եմ սպասել և մտածել դրա մասին: Վերջապես հնարավորություն կունենամ ավելի խորը զբաղվելու իմ սիրած երաժշտական ոճերում, խոսքը ջազի, բլյուզի, սոուլի մասին է»,- նկատել է երգչուհին:
Վերջին շրջանում իր անձնական կյանքի շուրջ ծավալվող քննարկումները երգչուհուն առիթ են տվել որոշում կայացնելու.
«Որոշել եմ այլևս չքննարկել իմ անձնական կյանքը»,- զրույցը եզրափակել է Սոնե Սիլվերը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում