▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ անարգանքի մասին է խոսքը». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանում հայտնված այս պաստառը Հայաստանում մեծ աղմուկ հանեց։ Պաստառին պատկերված է Լեոնարդայի «Խորհրդավոր ընթրիքը», և մեջբերված է Ղուրանի այն այաթը (տեղը), որտեղ Հիսուսը (Իսան) խոստովանվում է որպես Աստծո (Ալլահի) ուղարկած մեծ մարգարե։


Ոմանք` շատ հարգելի ընկերներ, այս պաստառի մեջ տեսան անարգանք քրիստոնեության հանդեպ, որովհետև Հիսուս Քրիստոսը հայտարարվում է ոչ թե Աստծո Որդի ու Աստված, այլ լոկ մարգարե։
Հարց է ծագում. արդյո՞ք իսլամադավան մեկից, առավել ևս՝ իսլամական պետությունից կարելի է ակնկալել Հիսուսի նկատմամբ այլ վերաբերմունք, քան այն, որն արտացոլված է Ղուրանում։ Ոչ իհարկե։ Բա այդ դեպքում ի՞նչ անարգանքի մասին է խոսքը։
Ի դեպ, Հովհաննեսի ավետարանում մի դրվագ կա. Քրիստոս բժշկում է մի կույրի, իսկ փարիսեցիներն այդ մարդուն «բերման են ենթարկում» ատյան, հարցաքննության են ենթարկում որպես վկա՝ Քրիստոսին մեղադրելով օրենք խախտելու մեջ։ Որովհետև բժշկությունը կատարել էր շաբաթ օրով, մինչդեռ ըստ հրեական օրենքի՝ շաբաթ օրով ոչինչ անել չէր կարելի։ Այդ վկան՝ նախկին կույրը, փարիսեցիներին ասում է, թե էս ի՞նչ եք անում, ա՛յ հարգելիներ, այդ մարդը հաստատ մարգարե էր, ի՞նչ եք մարդուն վատաբանում։ Եվ միայն ավելի ուշ՝ Քրիստոսին վերստին հանդիպելիս է նա հասկանում, որ Հիսուս Քրիստոս Աստված է ու Աստծո Որդի։
Ասածս ի՞նչ է։ Քրիստոսին մարգարե խոստովանողները շատ ավելի ընդունելի են, քան ամեն տեսակ փարիսեցիները՝ հին ու նոր։
ՀԳ. Շատերը «Խորհրդավոր ընթրիքը» համարում են կտավ, և կարծում են, թե այն ցուցադրվում է Լուվրում։ Իրականում այն հեչ էլ կտավ չէ, այլ որմնանկար (պատի վրայի նկար) և գտնվում է մի վանքի ճաշարանում»։

Ներկայացնում ենք նաև Հայկ Մարությանի թիմակից Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էսօր ամբողջ օրը լրահոսումս էս նկարն է հանդիպում, որը պատմում է էն մասին, թե Իրանի փողոցներում, ի պատասխան Փարիզում Խաղերի բացմանը տեղի ունեցած «պղծության», պլակատ են փռել Լեոնարդոյի «Խորհրդավոր ընթրիքով» ու Ղուրանի հետեւյալ մեջբերմամբ․ «Իրավամբ Մեսիան՝ Հիսուս Քրիստոսը՝ Մարիամի Որդին, Աստծո Առաքյալն է»։
Իրականում սա մեծագույն անարգանք է քրիստոնեության հանեպ։
Տեսեք։ Եթե էս պլակատի վրա գրվածը էն է, ինչ ներկայացվում է (պարսկերեն, ցավոք չգիտեմ), ապա դրանում ասվում է, որ Քրիստոսը Աստծո առաքյալն է, մինչդեռ մեր քրիստոնեական հավատամքի Ալֆան ու Օմեգան էն գաղափարն է, որ Քրիստոսը Աստծո որդին է և ինքն իսկ՝ Աստված, ու դրանից տարբերվող «կարծիքը» նզովվում է։
Իսկ Ղուրանի վրա հղում անող էս պաստառի գրությունը Քրիստոսին հավասարեցնում է ինչ-որ առաքյալների, ինչը մեծ անարգանք է ցանկացած քրիստոնյայի հանդեպ, եւ աններելի մեղք, քանզի քրիստոնեական եկեղեցու անփոփոխելի դոգմայի՝ Հավատո հանգանակի համաձայն «իսկ որք․․․ յայլմէ էութենէ ասեն լինել զՈրդին Աստուծոյ եւ կամ զՍուրբ Հոգին, եւ թէ փոփոխելիք են կամ այլայլելիք, զայնպիսիսն նզովէ Կաթուղիկէ եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի»։
Հազար ասինք, մի բան շեյրելուց առաջ ստուգեք դրա իմաստը, սիրելի քույրեր եւ եղբայրներ ի Քրիստոս»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին