Կարեն Գրիգորյանի հարցազրույցը Վիվիեն Վեսթվուդի հետ, ում մասին խոսելիս ակամա վերհիշում ես այս տաղանդավոր կնոջ բոլոր տիտղոսները` «fashion աշխարհի ամենահայտնի սկանդալիստը», «նորաձևության ավազակը», «Միացյալ Թագավորության ոչ պաշտոնական թագուհին» և այլն: Ընդամենը մի փաստ. 1992 թ. տեղի ունեցավ Վեսթվուդի և Միացյալ Թագավորության ու Հյուսիսային Իռլանդիայի թագուհի` Ելիզավետա II-ի պատմական հանդիպումը, որի ժամանակ թագուհին հատուկ շքանշան հանձնեց Վիվիենին` նորաձևության ասպարեզում ունեցած անգնահատելի ավանդի համար: Թագուհու ձեռքից մրցանակը ստանալուց անմիջապես հետո Վիվիենը բարձրաձայն հայտարարեց, որ այսօր նա առանց ներքնազգեստի է:
Կ.Գ - Ի՞նչպես Ձեզ հաջողվեց հասնել նման բարձունքների` չունենալով բարձրագույն կրթություն նորաձևության բնագավառում:
Վ.Վ - Այո, դու իրավացի ես: Իրոք, ես չունեմ մասնագիտական կրթություն: Իմ կարծիքով` տաղանդը, գունազգացողությունը, ճաշակը, այն բաններն են, որոնք մարդուն տրվում են ի վերուստ: Ոչ մի հեղինակավոր դիզայներական դպրոց այդ ամենը քո մեջ չի «ներարկի» դասախոսության տեսքով: Մասնագիտական կրթությունը կարող է միայն հղկել և զարգացնել այդ բնատուր շնորհները: Այդքանը միայն: Համաձա՞յն չես ինձ հետ:
Կ.Գ - Մասամբ, թույլ տվեք նշեմ, որ կրթությունը երբեք ավելորդ չէ:
Վ.Վ - Ես այսօր Վենետիկի և Բեռլինի ակադեմիաների կիրառական արվեստների պատվավոր անդամ եմ: Կարծում եմ, որ սա բավական է, որ համարեմ ինձ շատ ավելի կրթված, քան այն դիզայներները, ովքեր տարիներ շարունակ կրթություն են ստանում տարբեր հաստատություններում, բայց ավաղ, ոչ մի հաջողության չեն հասնում:
Կ.Գ - Նման հաջող կարիերան ենթադրում է մարդկային նախանձ և թշնամիներ: Այսպիսիք եղե՞լ են Ձեր կյանքում, և եթե այո, ապա ի՞նչպես եք պայքարում:
Վ.Վ - Կարեն, կարո՞ղ եմ քեզ bebe անվանել:
Կ.Գ - Ինչու ոչ (ծիծաղում է):
Վ.Վ - Իմ bebe, լսիր ու ականջիդ օղ արա: Նման դեպքերում գոյություն ունի ընդամենը երկու տարբերակ, այլընտրանք չկա: Կամ դու պետք է արհամարհես այդպիսի մարդկանց, կամ վերացնես նրանց: Ես նախընտրում եմ երկրորդ տարբերակը:
Կ.Գ - Ի՞նչ եք կարծում, դիմահարդարումն անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ցանկալի երևույթ:
Վ.Վ - Իմ խորին համոզմամբ` առանց շպարի կինը նման է մերկ կնոջ, նա գայթակղիչ է, բայց ոչ «հարմարավետ»: ...Մարդիկ միշտ սիրում են տեսնել աստղերին ոչ ստանդարտ իրավիճակներում` առանց շպարի, լողափին… Այդպես աստղերն «արժեզրկվում են» հավասարվում հասարակ մահկանացուների, և սովորական մարդուն դա շատ հաճելի է:
Կ.Գ - Կգա՞ այնպիսի մի օր, երբ Հայաստանի մայրաքաղաքի տեսարժան վայրերի ցանկը համալրվի ձեր խանութ-սրահով:
Վ.Վ - Անկեղծ լինեմ, երբևէ չեմ հետաքրքրվել Հայաստանով: Բայց դեռ ուշ չէ: (ծիծաղում է Կ. Գ)
Կ.Գ - Դուք այսօր, ինչպես և միշտ, շատ հմայիչ եք: Երբևէ դիմե՞լ եք պլաստիկ վիրաբույժների ծառայություններին:
Վ.Վ - Երբեք…բացառված է: Ինձ համար դա անընդունելի տարբերակ է: Իմ ողջ կյանքն ու անցած ճանապարհն է դրոշմված դեմքիս, կնճիռներիս մեջ: Ջնջել, սրբագրել դրանք, նշանակում է դառնալ անդեմ: Ամեն դեպքում, շնորհակալ եմ գեղեցկությունս գնահատելու համար: Համարիր, որ այսօր հատուկ հենց քեզ համար եմ շպարվել, իմ փոքրիկ հայ բարեկամ:
Կ.Գ - Ի՞նչ կարող ենք Ձեզնից սպասել մոտ ապագայում:
Վ.Վ - Շատ բաներ, բայց նախընտրում եմ չխոսել այդ մասին: Թերթերից հետո կիմանաս: Պարզապես հիշիր, այն ինչ ես անում եմ, անում եմ միայն հանուն սիրո:
Կ.Գ - Խոսենք քաղաքականությունից:
Վ.Վ - Օ… ոչ, մեկ ուրիշ անգամ թող մնա…
Կ.Գ - Ձեզ համարո՞ւմ եք ընտանիքի մարդ:
Վ.Վ - Ես ունեմ երեք երեխա, երկուսին ես եմ աշխարհ բերել, երրորդն` ամուսնուս զավակն է: Կարծում եմ` այո, ես սիրում եմ իմ ընտանիքը:
Կ.Գ - Եվ վերջում, ի՞նչ կմաղթեիք ընթերցողներին:
Վ.Վ - Հաջողություն, սեր, սեր, սեր ,սեր, նորից սեր և համարձակություն: Մի վախեցեք խելահեղ քայլերից, դարձրեք ձեր կյանքը տոն և ապրեք խաղաղությամբ:
Հարցազրույցը` Կարեն Գրիգորյանի
IQ ամսագիր
Ստորև կարող եք դիտել Վիվիեն Վեսթվուդի` 2014 Գարուն-Ամառ հավաքածուի մասին պատմող տեսանյութը, ինչպես նաև կարդացեք հեղինակի հարցազրույցները երգչուհի Ադելի, երգիչ Դարեն Հեյսի, նկարիչ Էռնեստո Ռոմանոյի հետ:
Ես երգիչ եմ ոչ թե աչքերի, այլ ականջների համար. Ադել
Ինձ շատ հաճելի կլինի հանդիպել իմ հայ երկրպագուների հետ. Դարեն Հեյս
Մեծ հաճույքով կցանկանամ ցուցահանդես ունենալ Հայաստանում. Էռնեստո Ռոմանո