«ՀՅԴ-ն շարունակում է մարզպետների ջարդը: Երեկ պարզ դարձավ, որ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Նրան փոխարինելու է ՀՅԴ-ի Երևանի կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանը:
Այս տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Ցանկանում ենք լավ, երիտասարդ կադրերին ասպարեզ բերել»,- Armtimes.com -ին փոխանցեց Վարդանյանը:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք փոփոխության պատճառը գործող մարզպետ Գաբրիել Գյոզալյանի վատ աշխատանքն է, Աղվան Վարդանյանը նշեց. «Պարոն Գյոզալյանը շատ լավ էր աշխատում, շնորհակալություն ենք հայտնել, բավարարված ենք, բայց ժամանակները փոխվում են, պետք են նոր, թարմ կադրեր»,- փոփոխությունը այսպես հիմնավորեց Վարդանյանը:
Աշոտ Սիմոնյանը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ի համամասնական ցուցակի 14-րդ համարում էր: Մասնագիտությամբ տնտեսագետ է, ունի սեփական ընկերություն, որը ֆինանսական խորհրդատվություն է տրամադրում:
Նշենք, որ ՀՅԴ-ն հունիսի սկզբին մարզպետի փոփոխության էր կատարել նաև Շիրակում: ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանին փոխարինել էր կուսակից ընկերը տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանը:
Գյոզալյանը Արագածոտնի մարզպետի պաշտոնում էր 2016 թվականի մարտի 3-ից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: