«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն քանի օր է, որ մամուլում ու համացանցում քննարկում են Հրազդանում տեղի ունեցած ողբերգական դեպքը: 1977 թ. ծնված Լ.Մ.-ն մայիսի 15-ին ծննդաբերել է տան զուգարանում արական սեռի երեխա, որը ճիչ արձակելուց հետո մահացել է: Նույն օրը նորածնի դին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորել եւ դրել է թղթե արկղի մեջ, որից հետո այն տեղափոխել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարակից անտառային կանաչապատ տարածք ու դնելով խոտերի մեջ՝ հեռացել:
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը տեղյակ չէ, թե ով է տոպրակով փաթաթել ու Հրազդանի տարածքներից մեկում թողել իր նորածնին: Քաղաքապետն անգամ տեղյակ չէ, թե նորածնի ընտանիքը սոցիալական ինչ խնդիրներ ունի: Որոշեցինք դիմել Հրազդանի քաղաքապետարան` պարզելու, թե գոնե մեր զանգից հետո փորձել են պարզել նորածնի ընտանիքի մասին մանրամասներ: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Աշոտ Միքայելյանը հարցը լսելու պես ասաց. «Ինչո՞ւ եք այդ հարցն ինձ ուղղում: Ես սոցիալական խնդիրներով չեմ զբաղվում: Զանգեք «Փարոս», այնտեղ կասեն»,- ասաց Միքայելյանը, ապա ասաց` դեպքի ու ընտանիքի մասին գիտի այնքան, ինչքան լրատվամիջոցները:
Հետաքրքրվեցինք` քաղաքապետարանը սոցիալապես աջակցե՞լ է նորածնի ընտանիքին, որը, ըստ տեղեկությունների, սոցիալապես անապահով է: «Մենք ման չենք գալիս, թե ովքեր են… եթե մեզ դիմում են... ամսական 2 մլն դրամից ավելի դրամական օգնություն է ցույց տալիս քաղաքապետարանը մեր կարիքավորներին»,- ասաց Միքայելյանը:
Հրազդանի քաղաքապետարանի կառուցվածքում, ի դեպ, սոցիալական ապահովության բաժին չկա: Հետաքրքիր է, եթե ամսական 2 մլն դրամից ավելի դրամական օգնություն է տրվում, ո՞վ եւ ինչպե՞ս է համակարգում այն: Ինչ սկզբունքով են ընտրում անապահովեներին, որ վերջիններս դիմում են նման ծայրահեղ քայլերի: Աշխատակազմի քարտուղարն ասաց. «Չգիտեմ` ինչու առանձնացված չէ այդ բաժինը: Ունենք հոգաբարձության եւ խնամակալության հանձնաժողով: Սոցիալական աջակցության խնդիրներով էլ հետեւողականորեն զբաղվում է քաղաքապետի օգնականը` Անահիտ Գաբրիելյանը»:
ՀԳ. Իսկ թե ինչպես է տիկին Անահիտը այդ հարցերին լուծում տալիս դեռ պարզ չէ: Հավանաբար նա էլ տեղյակ չէ այս ընտանիքի մասին, կամ միգուցե եւ տեղյակ է: Իսկ եթե տեղյակ է, ապա ստացվում է, որ քաղաքապետը բանից անտեղյակ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում