Տեղեկացրել էինք, որ «Ազատություն» ռադիոկայանը ֆեյսբուքյան ասուլիս էր կազմակերպել «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Գարեգին Նժդեհ» և այլ ֆիլմերի, տեսահոլովակների ու նախագծերի ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի հետ:
Այդ կապակցությամբ հատուկ բացված ֆեյսբուքյան էջում Facebook-ի օգտատերերը ռեժիսորին են ուղղել հարցեր, որոնցով հիմնականում ծաղրում էին Հրաչ Քեշիշյանին:
Գրառումները մեծ աղմուկ էին բարձրացրել համացանցում:
Եվ ահա Հրաչ Քեշիշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հրաժարվում է մասնակցել մի հաղորդման, որտեղ անցնում են ուրիշի ազատության սահմանը։
-Եվ այսպես, վաղը ես հրավիրված եմ Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին։ Ես վստահ եմ, որ մեր երկրում ապրում են ողջախոհ ու դաստիարակված մարդիկ։ Ես միշտ համարել եմ Ազատություն ռադիոկայանը առաջադեմ ԶԼՄ։ Բայց երեւի Ազատությունը եւս էժանագին մոդայի ետեւից ընկնելով, փորձում է վարակնիշ հավաքել ոչ տրադիցիոն, ցածրորակ էպոտաժի միջոցով։ Երեւի Ազատությունը մոռացել է, թե որտեղ է վերջանում իր ազատությունը… Այդ դեպքում հորդորում եմ վերանայել այն ֆորմատը, որով այժմ առաջնորդվում է այս բազմամյա փորձով ալիքը, իսկ որպես հրավիրյալ, իրավունք եմ ինձ վերապահում չգնալ մի տեղ հյուր, ուր անցնում են ուրիշի ազատության սահմանը։ Հորդորում եմ իմ բոլոր ընկերներին հրաժարվել նմանատիպ ինտերվյուների հրավերներից։ Ես բոյկոտում եմ այն լրագրությունը, որը հիմնվում է հարգանքի դիֆիցիտում ծնված ու անդաստիարակության մթնոլորտում մեծացած մի քանի այսպես ասած օգտատերերի ակտիվության վրա։ Իմացեք ձեր տեղն ու եթե ձեր խիղճն ու վաստակը թույլ տա, փորձեք ապրել խաղաղությամբ,-գրել է Հրաչ Քեշիշյանը։