▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոտնկայս ծափեր մեր իշխանություններին

Հովիկ Աբրահամյանն անցել է իշխանության տարբեր օղակներում կադրային վճռական փոփոխությունների՝ այսպես աստիճանաբար նվաճելով իշխանությունն ու վարկաբեկելով Հայաստանում ձևավորված կառավարման համակարգը: Դեռ թարմ են հիշողություններն իր հարազատների, Գագիկ Բեգլարյանի եղբոր նշանակումների մասին, հատկապես վերջին նշանակման ,,նոկաուտը,, դեռ չի մարսել մեր հասարակությունը, բայց դա չի խանգարում Հովիկ Աբրահամյանին՝ անվարան առաջ գնալու, հերթական ,,ցնցուղները,, մատուցելու մեր հանրությանը: Մհեր Սեդրակյանի որդի Դավիթ Սեդրակյանին կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի բավական յուղալի պաշտոնին նշանակելուց հետո, հիմա էլ վարչապետն անցել է իր մտերմագույն բարեկամ ու քրեա-օլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչ, բազմաթիվ հանցագործություններ իր ուսերին առած Լիսկային՝ Սուրիկ Խաչատրյանին, նոր պաշտոն նվիրելու գործընթացին՝ նրան առաջարկելով Ջրային պետական տնտեսության պետի պաշտոնը: Հայաստանում կոռուպցիոն ռիսկերով հագեցած, մեծ ստվերային եկամուտներ ապահովող ոլորտի ղեկավարի պաշտոնը, որն անպայմանորեն պիտի բաժին հասնի յուրայինին, մեծ ախորժակ ունեցողին: Լիսկայի հետ մտերմությունն ինքնին վարկաբեկիչ է երկրի վարչապետի համար, վկայությունն այն բանի, որ ինչպես նա, այնպես էլ իշխանության վերին օղակներում բազմած շատերը պորտալարով կլապված են հանցագործների ու երկիրը թալանողների հետ, մարդկանց ստորացնող, նրանց արժանապատվությունը տրորող պաշտոնյաների հետ, որոնք երկրի խայտառակությունն ու խարանն են: Լիսկա Խաչատրյանը Գորիսում բոլորին պարտադրում էր իրեն ՑԱՐ կոչել, սողալ իր ոտքերի տակ, նա Սյունիքի մարզը վերածել էր ,,ճոխ արոտավայրի,, , որտեղ ծաղկում էին թալանն ու ապօրինությունները: Եվ հիմա մեր վարչապետը այս ամենի հեղինակին ու գլխավոր գործող անձին կառավարություն է բերում՝ այսպես թքելով հանրային կարծիքի, մեր պետության արժանապատվության վրա…

Իմաստուն է մեր ժողովուրդը, հաստատել է այն ճշմարտությունը, թե՝ ասա ընկերդ ով է, ասեմ դու ով ես: Մեր բարձրաստիճանները չեն կարողանում տարազատվել իրենց ընկերներից, պետության հեղինակությունը վաղուց աճուրդի հանածներից և շարունակում են իրենց անամոթ խրախճանքը՝ հասկացնելով, որ քանի դեռ իրենք են իշխանության ղեկին, մենք պիտի սրընթաց գահավիժում ապրենք դեպի անդունդ, դեպի արժեզրկումներ, դեպի բարոյական սկզբունքների ոչնչացումներ: Նրանք պիտի շարունակեն պաշտոենական բանդայի ձևավորումը՝ մեզ հասկացնելով, որ իրենք են ժամանակի և իշխանության տերը, որ քանի դեռ կան իրենք՝ Հայաստանը չի կարողանալու թոթափել անբարոյականության ծանր լուծը: Անտարակույս, Հովիկ Աբրահամյանը մեն-մենակ չէր կարողանա հասնել իր ծրագրերի իրականացմանը, եթե նրան չսատարեր երկրի նախագահը, որի կադրային քաղաքականությունը պարզապես սոսկում է առաջացնում: Իրեն շրջապատելով ամեն տեսակի թալանչիներով, փող թռցնող օլիգարխներով, գանձագողերով՝ երկրի նախագահը կանգ չի առնում, չի փորձում հասկանալ, որ արդեն բոլոր սահմանները խախտված են, որ Հայաստանն արդեն տնքում է գործված կադրային հանցագործությունների բեռան տակ…
Բայց մարդկանց համբերությունն անսահման չէ: Մի օր պրկված զսպանակը բացվելու ու հետհարված է կատարելու: Ուստի, քանի դեռ մարդկանց զայրույթի ու ցասման հրդեհը չի հասել իշխանական պալատներ՝ պետք է սթափվել...


ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին