«ՀՀԿ-ում ծանր են տանում, որ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը որոշել է ազատվել իր տեղակալ, ՀՀԿ-ական փոխնախարար Խաչիկ Հակոբյանից, իսկ ՀՀԿ-ական իշխանությունը չի միջամտում: «Եթե անգամ ինչ-ինչ չարաշահումներ գտած լինի Արծվիկը, դաշնակցականները չպետք է հանրապետականների հախից գան, վարչապետն էլ անտարբեր նայի»,- ասաց մեր զրուցակիցը: Նա հայտնեց նաև, որ Մինասյանն առաջարկել է փոխնախարարին կամովին դիմում գրել՝ գնալ, բայց այդ հարցն իր որոշելու տիրույթում չէ՝ հիմա բոլորն սպասում են վերադասի որոշմանը: 2012 թվականից փոխնախարար աշխատող Խաչիկ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե աշխատանքից ազատման դիմում գրել է: «Ես աշխատանքից ազատման դիմում չեմ գրել»: Իսկ ճիշտ են տեղեկությունները, որ լարված հարաբերություններ ունեք նախարար Արծվիկ Մինասյանի հետ:
««Հրապարակ» օրաթերթը միշտ շատ լավ քաջատեղյակ է եղել իմ նվիրված աշխատանքի մասին, ես միշտ եղել եմ ծառայողի կարգավիճակում իմ գործի հանդեպ և շարունակում եմ նույն ձևով աշխատել: Բնականաբար, կարող են լինել տարբեր ընկալումներ, տարբեր մեկնաբանություններ և համապատասխան եզրահանգումներ:
Այս պահի դրությամբ ասեմ, որ շարունակում եմ նույն ձևով աշխատել: Աշխատանքային տարաձայնություններ միշտ լինում են»: Իսկ առաջիկայում ազատման դիմում գրելու ծրագրեր չունեք: «Իմ պաշտոնը քաղաքական պաշտոն է՝ առաջադրված կուսակցության կողմից: Երբ որ որոշում կփոխվի, և որոշման մասին իմ կուսակցությունն ինձ կիրազեկի, կամ հանրապետության վարչապետը համապատասխան հանձնարարություն կտա, ես, շնորհակալություն հայտնելով, բնականաբար, կհեռանամ: Այս պահին չկա նման ցուցում»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: