Այսօր ՀՀ ԶՈւ կազմավորման 22-ամյակն է: Եռաբլուր զինվորական պանթեոնն այսօր մարդաշատ էր: Մի շարք պաշտոնատար անձինք և քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենիքի անկախության համար զոհաբերված ու բանակի կազմավորման ակունքներում կանգնած հայորդիների հիշատակին: Կրկին ծաղիկներ խոնարհվեցին հերոսների շիրմաքարերին:
Այսօր առավոտից Եռաբլուր պանթեոն են այցելել նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայոց հոգևոր դասի ներկայացուցիչներ, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ:
***
Այսօր բոլորիս տոնն է: ՀՀ անվտանգության երաշխավոր Հայոց բանակը 22 տարեկան է: ՀՀ Զինված ուժերը կազմավորվեցին Արցախյան ազատամարտի բոցերում, մկրտվեցին հաղթանակով, քանզի մեր պայքարն արդար էր, մեր ոգին աննկուն… հետագա տասնամյակները դարձան կատարելագործման ու կոփման տարիներ:
Այսօր 22-ամյա բանակի տարեգրութունը հաղթանակի տարեգրություն է: Հայ զինվորն այսօր ամուր է կանգնած, պատվով ու գիտակցաբար է իրականացնում իր առաքելությունը՝ հավատարիմ 2 տասնամյակ առաջ իրենց կյանքը զոհած հայորդիների պատգամին: Ապացույցը՝ օրեր առաջ թշնամու ձախողված դիվերսիան, հերոսացած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, նրա հերոս ընկերներն ու հրամանատարը: Պատահական չէ, որ ՀՀ նախագահն առաջինը ծաղիկներ դրեց հերոս սերժանտի շիրմաքարին:
Փառք Հայոց բանակին, հայ զինվորին... տոնդ շնորհավոր, հայ զինվոր...
Հասմիկ Գյոզալյան
Տեսանյութը՝ 168.am-ի