▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղինակություն «Ֆառ»-ի թիկնապահները չոքած ներողություն են խնդրել ազատամարտիկի որդուց

«Հայկական Ժամանակ» թերթի կայքը գրում է. Մարտի 12-ին եւ 13-ին անհանգիստ վիճակ է եղել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդենիս-Երեւան երթուղին սպասարկող միկրոավտոբուսների աշխատանքը դադարեցվել էր այն պատճառով, որ երթուղին սպասարկող ընկերության սեփականատիրոջ թիկնապահները ծեծի են ենթարկել քաղաքում ճանաչված ազատամարտիկ Հեբո Խչեյանի որդուն՝ Արմանին:

Ծեծից հետո Խչեյանները եւ ԵԿՄ Վարդենիսի մասնաճյուղի անդամները փակել են Վարդենիս-Երեւան ավտոճանապարհը՝ խոչընդոտելով երթեւեկությանը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ազատամարտիկի որդուն ծեծի են ենթարկել քերական աշխարհում հայտնի Արթուր Սարգսյանի (Ֆառ) մականունով թիկանապահները:

Վարդենիսում շրջանառվող մեկ այլ տեղեկության համաձայն՝ Արման Խչեյանը Երեւան-Վարդենիս եւ հակառակ ուղղություններով տաքսի է վարում, ինչն էլ «Ֆառ»-ի թիկնապահների զայրույթի պատճառն է դարձել: Մասնավորապես, մարտի 12-ին նրանք ծեծել են Արմանին ու պահանջել այլեւս տաքսի չվարել, քանի որ իրենցից ուղեւոր է «խլում»: Միջադեպը շարունակվել է նաեւ մարտի 13-ին, ինչից հետո Խչեյանը ԵԿՄ Վարդենիսի մասնաճյուղի անդամների հետ փակել է ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի իրեն ծեծի ենթարկողները գան եւ ներողություն խնդրեն իրենից:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ի պատասխան մեր հարցին ասացին, որ նման միջադեպի առնչությամբ հաղորդում չի ստացվել: Այսինքն՝ ազատամարտիկի որդին իրեն ծեծելու դեպքով հաղորդում չի ներկայացրել ոստիկանություն: Ոստիկանությունից նաեւ փոխանցեցին, որ թեեւ հաղորդում չի ներկայացվել, սակայն սույն միջադեպով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, դեպքի հանգամանքները պարզվում են: Երեկ ծեծի ենթարկված ազատամարտիկի որդին՝ Արման Խչեյանը, պատասխանեց սույն միջադեպի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

-Արման, նախ, իրականում ինչի՞ց է սկսվել միջադեպը:

-Մենք ոնց որ պահանջ էինք դրել, որ ինձ ծեծողները գան, ներողություն խնդրեն, այդպես էլ եղավ:

-Իսկ ովքե՞ր են եղել ձեզ ծեծի ենթարկողները:

-Ես չեմ իմացել ու մինչեւ հիմա էլ չեմ իմանում, թե ովքեր են իրենք: Երեկ (նախօրեին,-հեղ.) Վարդենիսում այնպիսի իրավիճակ էր, որ Վարդենիսի բոլոր ազատամարտիկները, երկրապահները, մի խոսքով ամբողջ Վարդենիսը ոտքի էր կանգնել: Էլ ճար չունեին, իրենք եկան, չոքեցին, ներողություն խնդրեցին, մենք էլ մեծահոգի եղանք՝ ոչ ծեծեցինք, ոչ էլ, այ տենց թողեցին գնացին:

-Բայց, ի վերոջ ինչի՞ց էր սկսվել: Ըստ Վարդենիսում շրջանառվող տեղեկությունների՝ դուք ուղեւոր եք փախցրել:

-Չէ, գիտե՞ք ոնց, իրենք այդպես էին մտածում, որ ես ուղեւոր եմ փախցրել, իրենց էլ երեւի սուտ տեղեկություններ էին տվել: Իրականում ես իմ բարեկամների հետ գնացել էի Երեւան, բայց իրենք մտածել էին, որ իրենք իմ ուղեւորներն են, պետք է ես իմ բարեկամներին չտանեմ, իրենք պետք է երթուղայինով գան Երեւան: Ամեն ինչ սկսվել է հենց դրանից:

-Իսկ ո՞ւմ հետ եք վիճաբանել, ովքե՞ր են եղել նրանք:

-Ես չեմ իմանում, իրենց անունով չգիտեմ:

-Բայց որպես ի՞նչ են ներկայացել, որ ձեզ հետ վիճաբանել են:

-Իրենք սովորական անասունի նման իջել են ու սկսել հարվածել, ոչ ներկայացել են, ոչ էլ:

-Իսկ ծեծողները քանի՞ հոգի են եղել:

-Չորս հոգի են եղել:

-Ծեծի հետեւանքով ի՞նչ վնասվածքներ եք ստացել:

-Չունեմ վնասվածք, ոչ մի վնասվածք չունեմ: Խնդրում եմ, էլի´, եկեք դադարեցնենք: Ես ձեզանից (լրագրողներից,-Տ.Խ.) անչափ շնորհակալ եմ, ձեր օգնությունը շատ էր, որ էդ անասունները վախեցած եկան ու ներողություն խնդրեցին, այդքան բան, էլ հարցեր մի տվեք, խնդրում եմ:

-Վարդենիսում խոսվում է, որ ձեզ ծեծի ենթարկողները եղել են քրեական հեղինակություն «Ֆառ»-ի թիկնապահները: Ճի՞շտ են այս տեղեկությունները, թե` ոչ, եւ իր հետ ի՞նչ հարաբերություններ ունեք:

-Ես իրեն չեմ էլ ճանաչում, չեմ էլ տեսել: Ես լսել եմ, որ ինքը Վարդենիս-Երեւան երթուղին սպասարկող ընկերության տերն ա, բայց թե ով է ինքը, ինչ է, ես չգիտեմ:

-Իր թիկնապահներն են ձեզի ծեծի ենթարկե՞լ:

-Դե, երեւի, էլի, որ ենթադրենք...:

-Այսինքն՝ չե՞ք բացառում:

-Չեմ բացառում:

-Ոստիկանությունից ասացին, որ հրաժարվել եք հաղորդում ներկայացնել դեպքի առնչությամբ: Ի՞նչ պատճառով:

-Ես ի սկզբանե ոչ ցանկացել եմ ոստիկանություն դիմել, ոչ էլ հետո: Իմ պահանջը նա է եղել, որ իրենք գան, ինձնից ներողություն խնդրեն ու վերջ:

-Ձեզ ծեծի ենթարկողները երբ ներողություն խնդրեցին, այլ բան չասացի՞ն:

-Խնդրում եմ, էլի, մի արեք նենց, որ ես հեռախոսն անջատեմ, հերիք է, էլի: Ամեն ինչ նորմալ է:

-Վարդենիսում այժմ իրավիճակը հանգի՞ստ է:

-Այո, հանգիստ է:

-Իսկ դուք որքա՞ն ժամանակ է, որ տաքսի եք վարում:

-Ես ընդհանրապես տաքսի չեմ վարում, մեկ-մեկ խանութի համար գնում եմ Երեւան, ապարանք եմ գնում, իմ բարեկամներն էլ գիտեն, որ գնում եմ խանութի համար ապրանք բերելու՝ մեկ-մեկ զանգում են ինձ, գազի գումար են տալիս, իրենց էլ եմ տանում Երեւան, կամ հակառակը` Երեւանից բերում եմ Վարդենիս. ինչը որ սխալ էր ընկալվել ու այսպիսի պատմություն եղավ: Իրենք երեւի ջղայանցել էին, որ ես իմ բարեկամին թույլ չեմ տալիս երթուղայիններից օգտվի, թույլ չեմ տալիս` ո՞րն է, որ բարեկմաս ինձ է դիմում, ես ասում եմ՝ հա ձեզ կտանեմ, բնականաբար, երեւի դրանից են ջղայնացել: Այսքանը:

Նշենք, որ քրեական հեղինակություն «Ֆառ»-ը հայտնի է բազմաթիվ աղմկահարույց գործերով: Նա 2003 թվականին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ Նուբարաշենի խճուղու սպանությունների համար: Մասնավորապես, Նուբարաշենի խճուղում ավտոմատ հրազենից սպանվել էին «ԱԶ 31» մակնիշի տաքսի ավտոմեքենայի մեջ գտնված Արկադի Գեւորգյանը, տաքսու վարորդ Սաշիկ Հակոբյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարության բուժվարչության պետի տեղակալ Գարիկ Հարությունյանը։ Նույն միջադեպի արդյունքում եւս մեկ անձ` Արտյոմ Գեւորգյանը, հրազենից ստացած վնասվածքներով ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ Վերջինս եւ նրա եղբայրը` Արկադի Գեւորգյանը, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի («Ծաղիկ Ռուբո») եղբորորդիներն են։ Նուբարաշենում կատարված սպանության համար ձերբակալվեց եւ 15 տարվա ազատազրկման դատապարտվեց Արթուր Սարգսյանը («Ֆառ» մականունով), սակայն ընդամենը 2 տարի բանտում նստելուց հետո ազատ արձակվեց:

Նկարում` ձախից ազատամարտիկն է, մեջտեղում` նրա թոռնիկը, աջում` ծեծված որդին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին