Իտալիայի հավաքականի եզրային պաշտպաններից` Մատեո Դարմյանը ծագումով հայ է: Հետո ի՞նչ… Հաստատ այս լուրը չի ավելացնելու Իտալիայի հավաքականի երկրպագուների քանակը: Ընդհանրապես, ազգային իդենտիֆիկացիան չի արտահայտվում նրանով, որ ինչ որ մեկին հիշեցնում կամ հուշում ես նրա ով լինելը` տվյալ դեպքում ազգային պատկանելության առումով:
Եթե 24-ամյա խիստ հայկական «անվանմամբ» և արտաքինով երիտասարդը մինչև այսօր չի «բացահայտվել» որպես մեր գենի կրող, ապա առհասարակ, ինչ կարիք կա այս ինֆորմացիան տիրաժավորելը և որպես ավետիս մեզ մատուցելը: Կոնկրետ ինձ համար նա ոչնչով առավել չէ, քան նույն թիմում խաղացող Պիրլոն կամ Բուֆոնը:
Ընդհանրապես վատ զբաղմունք չէ աշխարհի տարբեր ծայրերում ծագումով հայեր գտնելը, սակայն սրանով հանդերձ շատ լավ կլիներ, որ նախևառաջ նրանք ներկայանան որպես հայ և կարիք չլինի այդ փաստը արձանագրելու համար ինչ որ աղբյուրներին հղում անելը: