▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետհանրահավաքային խոհեր


Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ այսօր տեղի ունեցած հանրահավաքը մի քանի հետևությունների տեղիք է տալիս։
Նախ, հանրահավաքը բազմամարդ է եղել. դրան մասնակցել է յոթից տաս տազար մարդ։ Ըստ այդմ՝ սա վերջին տարիների ամենաբազմամարդ հանրահավաքն էր։
Երկրորդ, հանրահավաքի տարիքային ու սոցիալական բազան ընդգրկուն էր. դրան մասնակցել են երիտասարդներ ու տարեցներ, կայուն եկամուտ ունեցողներ ու գործազուրկներ, մտավորականներ ու ավանդական բողոքական խավ։ Ըստ այդմ՝ Ազատության հրապարակում են եղել կառավարության քաղաքականությունից դժգոհ մարդիկ, որոնց այսօր կարող է միավորել կուտակայինի, վաղը՝ մեկ այլ թեմա։
Երրորդ, այսօրվա հանրահավաքն աննախադեպ էր, որովհետև, ըստ էության, միասնական էր՝ խորհրդարանական ընդդիմության ու քաղաքացիական հասարակության համար։
Այնուամենայնիվ, այսօրվա հանրահավաքը վեր հանեց նաև մի շարք խնդիրներ։
Մասնավորապես, քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական ուժերը նույն լեզվով չեն խոսում։ Օրինակ՝ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ելույթի ժամանակ՝ նրա հնչեցրած «Պայքար, պայքար մինչև վերջ»–ին՝ քաղաքացիականները հակադարձել են իրենց կարգախոսով։
Երկրորդ, պայքարի քաղաքացիական հատվածը հստակ պատկերացումներ չունի հետագա քայլերի վերաբերյալ։
Երրորդ, համատեղ հանրահավաքը բավարար չէ, որպեսզի ինստիտուցիոնալ բազա ձևավորի՝ խորհրդարանական չորս կուսակցությունների ավելի սերտ քաղաքական համագործակցության համար։ Նրանք համաձայնության տակավին չեն եկել անգամ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում։
Ինչևէ, քաղաքական նոր տարվա մեկնարկը տրված է, սպասենք զարգացումներին։

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին