ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ՀԲԸՄ լոնդոնյան գրասենյակի բարեգործական գալա-ընթրիքին:
Միջոցառմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայի հավաքականի կազմում հանդես եկող Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, որի հետ Մխիթարյանը լուսանկարվել է։
«Իմ սիրելի ընկեր Յուրի Ջորկաեֆի հետ վայելեցի ՀԲԸՄ-ի գալա-ընթրիքը: Միջոցառման ընթացքում հավաքված գումարը ԹՈՒՄՈ կենտրոնի համար է: Մեծ առիթ մեծ մարդկանց հետ»,- գրել է Մխիթարյանը:
Միջոցառման ընթացքում Մխիթարյանին են ուղեկցել մայրը՝ Մարինա Թաշչյանը, քույրը՝ Մոնիկան, եւ գործարար Միքայել Վարդանյանի դուստրը՝ Բեթի Վարդանյանը:
Հենց այս լուսանկարը ևս մեկ անգամ քննարկումների առիթ է դարձել, որում Բեթի Վարդանյանը Մխիթարյանի կողքին է:
Հիշեցնենք, որ նրանց սիրավեպի մասին լուրերը դեռևս ամիսներ առաջ էին շրջանառվում, իսկ անձամբ Մխիթարյանը ոչ հաստատում է, ոչ էլ հերքում: