▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնիների երեխաներն իրենց ծնողների կերպարում. հունիսմեկյան գեղեցիկ ֆոտոշարք

Հունիսի 1-ի առթիվ BlogNews.am-ը որոշեց հայտնիների երեխաներին լուսանկարել ծնողների դերում: Իհարկե, երեխաներին այս կամ այն բանը համոզելը հեշտ չէր, քանի որ նրանք բավականին աշխույժ էին, երբեմն՝ կամակոր, սակայն ընթացքը չափազանց հետաքրքիր էր. նրանցից յուրաքանչյուրը յուրովի է պատկերացրել ու ներկայացրել հայրիկի կամ մայրիկի կերպարը:

Հաղորդավար Վահե Ղազարյանի որդին՝ Էրիկը, 6 տարեկան է, երազում է դերասանի կարիերայի մասին, թերևս, սա է պատճառը, որ տանը հաճախ անում է հայրիկի ձևերը: Նա անգիր գիտի «Սուր անկյան» բացման խոսքը և մեր նկարահանման ժամանակ ասաց ամբողջը:

Դերասան Գրիգոր Դանիելյանի և երգչուհի Հռիփսիմե Ելինյանի որդին՝ 6-ամյա Ալբերտոն, կարելի է ասել, ծնված դերասան է: Նա այնպիսի լրջությամբ էր մոտենում նկարահանմանը, որ նույնիսկ չէր ծիծաղում իր կերպարի վրա: Որևէ մեկը չէր կարողանում անտարբեր անցնել նրա կերտած Մշեցի Առաքելի կերպարի, փոքրիկի հասուն դիմախաղի կողքով, սակայն Ալբերտոն ոչ մի վայրկյան չէր շեղվում իր աշխատանքից:

Դերասան-ամուսիններ Սարգիս և Մանո Գրիգորյանների դուստրերը՝ 5-ամյա Էվան ու  3-ամյաՅանան հայրիկի ու մայրիկի դերում էին: Առավել նման կեպարներ ստանալու համար Մանոն իրենց հագուստի նմանությամբ հագուստ էր կարել փոքրիկների համար: Էվան ստանձնել էր հայրիկի կերպարն ու համաձայնեց հագել տղայի հագուստ, իսկ Յանան մայրիկի դերում էր: Իհարկե, նրանք չէին հրաժարվում փոքրիկ «կաշառքներից», որոնք մայրիկն առաջարկում էր նրանց նկարահանման դիմաց և գործին պրոֆեսիոնալ էին մոտենում:

Մայա Պողոսյանի և Ավետիս Խախամյանի որդին՝ Ալեքսանդրը, երկուսուկես տարեկան է: Փոքրիկն այնքան շարժուն է, որ մի քանի րոպե խմբագրի աթոռին նստելուց և նկարահանվելուց հետո անպայման պետք է վազվզեր «Էլ սթայլի» խմբագրությունով, հետո միայն վերադառնար «պաշտոնին»:

Դերասան-ամուսիններ Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի դուստրը՝ Լիլիթիկը, ևս միշտ աչքի է ընկել իր դերասանական ունակություններով, ու պատահական չէ, որ նա մտածում է դերասանուհի դառնալու մասին: Լիլիթիկն ինքն էլ է հասկացել, որ իր մեջ կա այդ ջիղը: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ տանը հաճախ կրկնօրինակում է մայրիկի ձևերը, բայց ոչ հայրիկի, քանի որ հայրիկի ձևերն անելու համար համապատասխան ձայնը չունի:

Որքան էլ զարմանալի է, այս ֆոտոշարքի ժամանակ պարզեցինք, որ հաղորդավար Ժակի դուստրը՝Սիլվիան և հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի որդիները՝ Սամվելն ու Միքայելը, բավականին քիչ են շփվում իրար հետ և վաղուց չէին տեսել իրար: Նրանց նկարահանեցինք ինչպես «Կենտրոն»-ի առավոտյան ծրագրի տաղավարում, այնպես էլ ռադիո Վանում, որտեղ երեխաները հաճույքով գործի անցան:

Լուսինեի տղաները պատմեցին, որ տանը հաճախ են կրկնօրինակում մայրիկին, իսկ Սիլվիան նկարահանման ժամանակ սկսեց կրկնել սելֆիամոլ հայրիկի ձևերն  ու նրա պես սելֆի անել:

Ռեժիսորներ Արշալույս Հարությունյանի և Լուսինե Երնջակյանի որդին՝ 3-ամյա Արան, սիրով ստանձնեց ռեժիսորի պարտականությունները: Աշխույժ փոքրիկին կարողացանք «բերման ենթարկել» բարձրախոսի օգնությամբ, որով նա շարունակ ասում էր ` «папа, ты меня слышишь?»:

Տատուի վարպետներ Լիդիայի և Գագիկի որդուն` Էդուարդին, լուսանկարելն այնքան էլ հեշտ չէր: Նա այնքան շարժուն էր, որ մի վարկյանում հասցնում էր հեռակառավարման վահանակով խոսելանծանոթ ինչ-որ մարդկանց հետ, բացել սենյակի դուռն և ստուգել՝ դրսում մարդ կա՞, թե՞ ոչ և այդքան շարժուն լինելուց նա չէր հոգնում: Ի դեպ, նա շատ տարօրինակ լեզվով էր խոսում, և շատ դժվար էր հասկանալ` թե ինչ է ասում, նա ապրում էր իր աշխարհում:

«ArmComedy»-ի Սերգեյ Սարգսյանի դուստրը` Ալիսան, մինչև նկարահանվելը նախ պաղպաղակ պահանջեց, իսկ հետո հմտորեն կրկնում էր հայրիկի շարժումները կամ էլ հակառակը: Համաձայնեք` հայր և դուստր չափազանց նման են իրար:

DJ Վակցինայի որդին` Վիկտորը, մեկ տարեկան տաս ամսական է, խուճուճ մազերով փոքրիկը նկարահանման ընթացքում չափազանց լուրջ էր: Պարզվում է` նա շատ է սիրում երաժշտություն և բավականին սկզբունքային տղա է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին