▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրենիքը գուրգուրանքի կարիք ունի.Սուրեն Շիրինյան

Սուրեն Շիրինյանը ծնվել է Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում, սակայն ճակատագրի բերումով այսօր բնակվում է ՌԴ-ում: Բանաստեղծն ընթերցողին է ներկայացրել իր թվով երրորդ բանաստեղծությունների գիրքը «Արյան ձայնը» անվանումով: Գիրքը նվիրվում է Ցեղասպանության 100 ամյակին: Հեղինակի հետ զրուցեցինք իր գրականության և Սփյուռքում ապրող հեղինակի մտորումների մասին:

«Արյան ձայնը» գիրքը հայոց ցեղասպանության մասին եք գրել և նվիրվում է  ողբերգության 100 ամյակին: Մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանը «խուսափում» էր գրել ցեղասպանության թեմայով: Ինչպե՞ս որոշեցիք գրել ցեղասպանության մասին:

 -Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչի մասին գրի… Ես չէի կարող անտարբեր մնալ մարդկային այդպիսի ողբերգության նկատմամբ… Ես գրում եմ այն ամենի մասին, ինչ իմ մեջ կա, իսկ իմ մեջ շատ խորն է ցավը… Մեր ազգը կոտորել են, մեր երկիրը մեզանից խլել… Օտարներին ենք նախատում անտարբերության համար, բայց մենք, որ հնարավորություն ունենք արվեստով և գրականությունով մեր ձայնը բարձրաձայնել, ինչո՞ւ լռենք…

 Դուք ընթերցողին ներկայացաք 2000- ական թվականներից, մինչ այդ ի՞նչ դեր ուներ ձեր կյանքում գրականությունը

 -Գիտե՞ք, ես միշտ մտածել եմ իմ ազգի, հայրենիքի, պատմության մասին… Ես միշտ սիրել ու սիրում եմ իմ հայրենիքը, երևի սպասում էի մի տագնապի, որ անմիջապես գրիչ վերցնեմ ձեռքս… Ես անսահման կարող եմ գրել հայրենիքի մասին ու դեռ երկար. միշտ պետք է գրեմ: Երբ գրում եմ հայրենիքի ու հայրենասիրության մասին, ես ինձ երբեք օտար երկրում չեմ զգում, հայրենիքն իմ մեջ է, միշտ ինձ հետ: Պարզապես ավելի ուշ եմ սկսել գրել…

Ասում են աշխարհներն անհատների միջոցով են ճանաչելի դառնում: Դուք որպես ջավախքցի, ի՞նչ կանեք, որպեսզի Ջավախքը ճանաչելի դառնա…

 -Իմ գործը գրելն է և ես գրում եմ, հնարավոր է հաջորդ գիրքս հենց Ջավախքին նվիրվի, այնքան շատ բանաստեղծություններ ունեմ իմ աշխարհի մասին գրած, ես իմ բանաստեղծություններով կանդրադառնամ Ջավախքին: Շատ կուզեի հայրենիքում լինեի, եթե այստեղ չապրեի, անշուշտ, ավելի շատ բան կարող էի անել, բայց հուսամ շուտով կվերադառնամ… Ամռանը եկել էի, հազիվ ետ վերադարձա, հունիսին նորից կգամ և կփորձեմ ընդմիշտ վերադառնալ և անելիքս հայրենիքում շարունակեմ… Ինձ պետք է հայրենիքում լինել:

Ձեր բանաստեղծություններն հիմնականում հայրենիքի, սիրո, մոր մասին են: Հնարավո՞ր է, որ գա մի պահ, երբ  Դուք անդրադառնաք մի այլ գրական ոճի, երբ ձեր գրականությունը հերոս կունենա, բացի էպիկական կերպարից…

_Ես գրելու եմ այնպես, ինչպես գրում եմ… Իսկ գրում եմ այն, ինչ զգում եմ: Շատ բան ունենք, որի մասին կարելի է այսօր գրել` առասպելական հերոսից մինչև մեր օրերի մարդը, բայց ոչ մի գրող չի որոշում, թե ինչի մասին գրի, գրում է նրա մասին, ինչ զգում եմ և ինչ կա իմ սրտում, իսկ սրտում այնքան բան կա, մանավանդ հայ մարդու սրտում, որ անվերջ կարելի է գրել:

Պարոն Շիրինյան, շնորհակալ եմ անմիջական և մտերմիկ խոսակցության համար, ի՞նչ կավելացնեիք մեր զրույցին:

 -Ես էլ եմ շնորհակալ, շատ բան չունեմ ավելացնելու, միայն կասեմ որ շատ հաճելի է, երբ հետաքրքրվում եք, հուսամ հայրենիք կվերադռնամ կհանդիպենք ու ավելի երկար կզրուցենք: Սիրե’ք հայրենիքը, երիտասարդներից շատ բան է կախված հայրենիքը գուրգուրանքի կարիք ունի:

 

 

                                                                                    Զրուցեց` Ջուլիետա Տոնականյանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին