«Հայրենասիրական, բոցաշունչ կոչեր եք անում, կոնկրետ հարցնում եմ` մասնավորը մտնելու է, թե ոչ, ինչու եք բոցաշունչ ելույթներ ունենում` կուրծք ծեծելով», -այսօր ԱԺ-ում բավական բորբոքված ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` դիմելով խորհրդարանի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին:
ԲՀԿ-ական պատգամավորին հետաքրքրում էր` արդյո՞ք 2017թ. հուլիսի 1-ից մասնավոր հատվածը սկսելու է կատարել պարտադիր կուտակային վճարը:
«2016թ. բյուջեով կուտակայինի համար նախատեսել ենք 26 մլրդ դրամ, իսկ 2017թ.-ի համար` 28 մլրդ դրամ: Ինչպես գիտենք` մասնավոր հատվածը կուտակային չի վճարելու մինչեւ 2017թ. հուլիսի 1-ը, արդյոք սա նշանակում է, որ հուլիսի 1-ից հետո էլ մասնավորը չի վճարելու պարտադիր կուտակային վճարը»:
«Կուրծք ծեծողը ես չեմ հստակ, բոլորը դա տեսնում են, ես ասում եմ, որ առաջին անգամ շուկա մտնողները պարտադիր մասնակցում են կուտակային վճարին, երկու միլիարդը ավելացել է դրանց հաշվին եւ աշխատավարձերի աճի հաշվին, ինչ վերաբերում է մասնավորին, ժամանակը կգա քննարկենք»,- Մելքումյանին պատասխանեց Հակոբ Հակոբյանը: