Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավոր Սեբահաթ Թունջելը Թուրքիայի ազգային մեծ ժողովին է ներկայացրել մի առաջարկ, որով նախատեսվում է, որ թուրքական մեջլիսը Թուրքիայի նախագահին պիտի պարտավորեցնի հրապարակայնորեն ներողություն խնդրել քրդերի, ալևիների կոտորածների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության համար: Այս տեղեկությունն արագորեն տարածվեց թուրքական լրատվամիջոցներում՝ մեծ աղմուկ առաջացնելով հարևան երկրում և տեղափոխվելով հայկական մեդիադաշտ:
Մասնավորապես, ըստ թուրքական աղբյուրների՝ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP) կին պատգամավոր Թունջելն իր առաջարկում Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ նշել է նաև Դերսիմի (1937-1938), Մարաշի (1978), Սեբաստիայի (Սվազի) (1993), Չորումի (1980) քրդերի, ալևիների ու «ձախերի» կոտորածների, 1980 թվականի ռազմական հեղաշրջմանը հաջորդած դեպքերի մասին: Ըստ առաջարկի` նախագահ Էրդողանը թուրքական պետության անունից բոլոր այս դեպքերի համար պաշտոնապես և հստակ ձևակերպված ներողություն պետք է խնդրի նախ թուրքական խորհրդարանի առաջ, ապա նաև կոտորածների վայրերից մեկում: Այս քայլերից հետո 1 տարվա ընթացքում պետք է ստեղծվի խորհրդարանական հանձնաժողով, որը պետք է կարողանա մուտք գործել բոլոր պետական արխիվները, քննի բոլոր մանրամասները: Հայոց ցեղասպանության մասով առաջարկվում է ապրիլի 24-ը հայտարարել սգո օր Թուրքիայում, ինչպես նաև իրականացնել նյութական ու բարոյական փոխհատուցում, կատարել որոշակի օրենսդրական փոփոխություններ:
Շտապելով նշել, որ նման առաջարկի ընդունումը այժմյան Թուրքիայում իրականությունից բավական հեռու է, այնուամենայնիվ, կարևոր է հասկանալ, թե ինչ արձագանքներ կունենա այս քայլը, ինձ ուղերձներ է պարունակում այն, առաջին հայացքից դրական թվացող այս առաջարկի տակ հայկական կողմի համար ինչ ենթատեքստեր կան:
Նախ, առաջարկը ոչ թե հայանպաստ է, այլ նախևառաջ ծառայում է Թուրքիայի քրդերի քաղաքական շահերին: Թուրքիայի քրդերի քաղաքական շրջանակների ակտիվ մի զանգված, Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելով հանդերձ, այն իրականացնելու պատասխանատվությունը հասցեագրում է Օսմանյան կայսրության ղեկավարությանը, սակայն անհերքելի փաստ է, որ ամենատարբեր մակարդակներում քրդերի զգալի մի հատված ակտիվորեն մասնակցել է հայերի կոտորածներին ու թալանին: Քրդական ուժերն էլ, հաճախ շրջանցելով իրենց նախնիների՝ հայերի ջարդին մասնակից լինելու իրողությունը (անկեղծ լինենք` ոչ միշտ ու ոչ բոլոր դեպքերում), հայերի ցեղասպանության փաստը փորձում են շահարկել թուրքական պետության հետ իրենց հարաբերությունները կառուցելիս: Կարելի է ասել՝ ցեղասպանության հարցը քրդական քաղաքական ուժերի օրակարգում պաշտոնական Անկարայի դեմ կիրառվող կարևոր լծակներից մեկն է: Սա հարցի մի կողմն է:
Հարցի մյուս կողմն էլ այն է, որ Թուրքիայի քրդերը փորձում են թուրքական պետության կողմից քրդերի դեմ բռնաճնշումներն ու կոտորածները հավասարեցնել ու համեմատել Հայոց ցեղասպանության հետ: Իրենց մասշտաբներով և էությամբ դրանք խիստ տարբեր են: Բացի այդ, օրինակ, 30-ականների վերջին Դերսիմի կոտորածների ժամանակ քիչ չէին թուրքական բանակի հարձակումներին զոհ գնացած հայերը:
Այսպիսով, տեսնում ենք, որ Թուրքիայի խորհրդարանին ուղղված առաջարկում Հայոց ցեղասպանության հիշատակումը քրդերի, ալևիների կոտորածների, բռնաճնշումների հետ միասին փորձ է հավասարեցնել այդ աղետները, որոնք իրենց նշանակությամբ և ծավալներով նույն հարթությունում չեն: Եվ բացի այդ, ևս մեկ անգամ տեսնում ենք, որ քրդական օրակարգում Ցեղասպանության հարցը թուրքական պետության դեմ որպես կարևոր լծակ է դիտարկվում:
Հարկ է հիշել կարևոր հանգամանք ևս՝ HDP -ի շարքերում կան նաև Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, իսկ նույն այս կուսակցության հիմնական ընտրազանգվածը հենց ազգային ու կրոնական փոքրամասնություններն են: Այնպես որ նման առաջարկի ի հայտ գալը տեղավորվում է ժամանակի պահանջների և քաղաքական տրամաբանության շրջանակներում:
Նույն քաղաքական տրամաբանության շրջանակներում էլ տեղավորվում է այն, որ այս առաջարկը Թուրքիայի ազգային մեծ ժողովում չի կարողանա գտնել իրավական շարունակություն, քանի որ թուրքական պետության հիմքերին է դեմ գնում, իսկ քրդական ուժերը հարևան երկրի օրենսդիր մարմնում փոքրամասնություն են և չունեն վճռորոշ ձայն:
Եթե պատկերացնենք էլ, թե այս ձևաչափով առաջարկն ընդունվում է Անկարայում, ապա կարելի է ասել, որ Թուրքիան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը (ինչպես և վերը թվարկված մյուս կոտորածներն ու դեպքերը) դրանից բխող բոլոր հետևանքներով, իսկ նման զարգացումը, հասկանում ենք, որ մեր օրերում իրականության հետ որևէ աղերս չունի:
Կարծում ենք՝ առաջարկը բավական ակտիվ կքննարկվի և արդեն իսկ քննարկվում է թուրքական, հայկական, միջազգային լրատվամիջոցներում: Այն կունենա հիմնականում քարոզչական բնույթ՝ չլուծելով քաղաքական կամ իրավական լուրջ խնդիրներ:
Կարևոր է, սակայն, որ նման օրինագծերը (անգամ տարբեր նպատակների ու տարբեր խնդիրներ լուծելու համար), կարող են քննարկվել Թուրքիայի խորհրդարանում: Եվ պետք չէ մոռանալ, որ այս ամենն ի հայտ է գալիս մի փուլում, երբ Թուրքիայի պաշտոնական և հասարակական շրջանակները սկսել են ակտիվորեն խոսել Դերսիմի կոտորածի մասին: Իսկ Դերսիմի դեպքերի վերաբերյալ քայլերն ու քննարկումները, ինչպես և «քրդական նախաձեռնությունը», օրըստօրե ավելի մեծ կարևորություն են ստանում Թուրքիայի կառավարության և նախագահի օրակարգում, քանի որ 2015-ի ամռանը երկրի գլխավոր ընտրություններն են՝ խորհրդարանական ընտրությունները, իսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դեմ չի լինի քրդերի (ինչպես և նախկինում), և ինչո՞ւ ոչ նաև ալևիների ձայներ ստանալ: Այնպես որ այս ամիսներին Դերսիմի կոտորածների, Հայոց ցեղասպանության, Թուրքիայի հանրապետական շրջանի մի շարք սև էջերի շուրջ շահարկումները, քննարկումներն ու զարգացումները ծանրաբեռնելու են մեդիադաշտն ու քաղաքական օրակարգը:
Հ.Գ. Թուրքիան հանրապետական շրջանում ևս օսմանյան ավանդույթներից հետ չի կանգնել՝ Դերսիմի կոտորածի, Չորումի, Սվազի, Մարաշի դեպքերի հետ մեկտեղ կարող ենք հիշել 1934-ին Թրակիայում հրեաների բռնաճնշումները, 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին հայերի և հույների պոգրոմները, 70-ականների քաղաքական և գաղափարական հողի վրա մեծաթիվ սպանությունները և այլն, և այլն…. Քեմալական շարժման ժամանակ տեղ գտած աղետներն էլ առանձին երկար մի շղթա են կազմում:
Աղբյուր` Թուրքագիտական պորտալ | ԵՓՐԱՏ ուսումնասիրությունների կենտրոն