ermenihaber-ը գրում է.Թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» (The cut) ֆիլմը հանվել է «Ստամբուլի մշակույթի և արվեստի հիմնադրամի» կողմից կազմակերպվող «Filmekimi» կինոշաբաթի շրջանակներում ցուցադրվելիք ֆիլմերի ցանկից: Այս մասին տեղեկացնում է թուրքական «T24» լրատվական կայքը: Չնայած «Facebook»-ում հիմնադրամի պաշտոնական էջը ժամանակին հայտնել էր, որ կինոշաբաթում ցուցադրվելու է նաև Աքընի ֆիլմը`այնուամենայնիվ այն ցանկից հանվել է: Ըստ «Ստամբուլի մշակույթի և արվեստի հիմնադրամի» ներկայացուցիչների տեղեկությունների՝ այն, արտասահմանում ֆիլմը ներկայացնող ընկերությունների պահանջով է այն հանվել միջոցառման ցանկից: Նշվում է, որ այդ որոշումը որևէ քաղաքական ենթատեքստ չունի:
Ֆիլմը ներկայացնողները հայտնել են, որ Թուրքիայում «Սպի»ն հավանաբար ուշացումով կբարձրանա մեծ էկրան: Այդ իսկ պատճառով էլ չեն ցանկանկացել, որ կինոշաբաթի և կինոթատրոններում ֆիլմի հիմնական ցուցադրության տարեթվերի միջև մեծ տարբերություն լինի:«Filmekimi»-ը կազմակերպվում է ամեն տարի հոկտեմբեր ամսին և տևում է մեկ շաբաթ, որի ընթացքում ցուցադրվում են տվյալ տարվա ամենասպասված ֆիլմերը: Այս տարի թվով 13-րդ «Filmekimi»-ն անցկացվելու է հոկտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում:«Սպի» ֆիլմը պատմում է մի տղամարդու մասին, որը ցեղասպանության տարիներին կորցնում է իր զույգ դուստրերին և տարիներ հետո իմանալով, որ նրանք ողջ են՝ ճանապարհվում է նրանց փնտրելու: