▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկա՛զ, իմ երեխաների հաշվին քո երեխաներին մի մեծացրու.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը 2007 թվականի ամռանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ համաձայնության է գալիս, որպեսզի իրեն պատկանող գործարանի տարածքում համատեղ գազալցակայան կառուցեն:

Թաթուլ Բաղդասարյանը Armtimes.com-ին պատմեց, որ Հայկազ Բաղմանյանը սկզբում իր օգնականի միջոցով է պայմանավորվել, իսկ երբ տարածքն արդեն ուսումնասիրել է, կապ է հաստատել նրա հետ, որից հետո նրանք հանդիպել են: Պայմանավորվել են, որպեսզի 70/30 հարաբերակցությամբ կիսեն ապագա բիզնեսի շահույթը (70 տոկոսը՝ Հայկազ Բաղմանյանին): Դրանից հետո, Թաթուլ Բաղդասարյանը փորձել է իրենց բիզնեսի փաստաթղթավորումն անձամբ իրականացնել, սակայն որեւէ պետական կառույց նրան գազալցակայան կառուցելու եւ շահագործելու թույլտվություն չի տվել: Եւ, օրերից մի օր Բաղդասարյանը տեղեկացել է, որ իրավունք ունեն գազալցակայանը գործարկեն առանց որեւէ իրավական փաստաթղթի:

«Դրանից հետո Հայկազը սկսեց «սիլավոյ» աշխատել եւ 2007 թվականի դեկտեմբերի 31-ին գազալցակայանը շահագործվեց առանց որեւէ փաստաթղթի, առանց թույլտվության՝ իրեն բնորոշ»,- ասաց Թաթուլ Բաղդասարյանը:

Շահագործումից երեք ամիս անց, սակայն Բաղդասարյանին չի հաջողվում Հայկազ Բաղմանյանից ստանալ շահույթի իր մասնաբաժինը: Այս հենքի վրա նրանց հարաբերությունները լարվում են:

2008 թվականի մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 7-ին, Հայկազ Բաղմանյանը զանգահարում է Թաթուլ Բաղդասարյանին եւ հանդիպում պահանջում: Նրանք հանդիպում են Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող նախկին «Բեսթ» սուպերմարկետի դիմաց: Պայմանավորվում են, որ եւս երկու ամիս կանցնի եւ շահույթը նախկին պայմանավորվածության համաձայն կբաշխեն, քանի որ Բաղմանյանն իբր վարկով է գազալցակայանը շահագործել եւ ֆինանսական որոշ խնդիրներ են առկա: Անցնում է այդ երկու ամիսն էլ, սակայն Հայկազ Բաղմանյանն իր խոստումը չի կատարում, իսկ Թաթուլ Բաղդասարյանը դիմում է «ՀայՌուսգազարդ» ընկերությանը՝ պահանջելով դադարեցնել իր տարածքի գազամատակարարումը:

Այդ ժամանակ «ՀայՌուսգազարդ»-ի տնօրենը դեռեւս ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանն էր եւ հենց նրա անունով էլ Թաթուլ Բաղդասարյանը դիմում է գրում: Սակայն, Կարեն Կարապետյանի տեղակալը նրան պատասխանում է, որ իր ղեկավարած ընկերությունում բաժնետերերի վեճ կա, որը գտնվում է դատարանում եւ միայն վեճը հարթելուց հետո կդադարեցվի գազամատակարարումը: Թաթուլ Բաղդասարյանը փորձում է դիմել ՀԷՑ, որպեսզի հոսանքազրկեն գազալցակայանը, սակայն կրկին ապարդյուն:

Թաթուլ Բաղդասարյանի խոսքով՝ Հայկազ Բաղմանյանը դիմում է դատարան, որի միջոցով փորձում է իրեն պարտավորեցնել Բաղմանյանի ընկերության հետ 99 տարվա պայմանագիր կնքել, որպեսզի գույքը դառնա նրա սեփականությունը: Դրան զուգահեռ էլ Մարտունի քաղաքի ավագանին որոշում է կայացնում, համաձայն որի Բաղդասարյանի հողատարածքը համարվում է համայնքային սեփականություն: Ավագանու որոշումն էլ վիճարկելու համար Բաղդասարյանը դիմում է վարչական դատարան: Դատարանն հօգուտ Բաղդասարյանի է վճիռ կայացնում, իսկ Հայկազ Բաղմանյանը դիմում է Վճռաբեկ դատարան, որն էլ որոշում է Թաթուլ Բաղդասարյանի մասով գործը կարճել, իսկ ավագանու որոշումը թողնել ուժի մեջ:

«Հայկազ Բաղմանյանը 2015 թվականի սկզբին վաճառել է գազալցակայանը երեք հոգու, որոնցից մեկը «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանն է, մյուս նրա տեղակալն է՝ Ալբերտ Խաչատրյանը, իսկ երրորդ բաժնետերի անունը հաջորդ անգամ կասեմ»,- ասաց Թաթուլ Բաղդասարյանը՝ նշելով, որ որեւէ մեկից չի վախենում եւ պաքարելու է իր ունեցվածքը վերադարձնելու համար:

«Եվրոպական դատարան էլ եմ գնալու, կառավարությունը պարտավոր է իմ սեփականությունը վերադարձնի: Հայկա՛զ, իմ երեխաների հաշվին քո երեխաներին մի մեծացրու: Խիղճ ունեցիր, մարդկանց գումարը հետ տուր եւ իմ տարածքն էլ վերադարձրու»,- հայտարարեց Թաթուլ Բաղդասարյանը եւ դիմեց նորանշանակ վարչապետին՝ խնդրելով հանդիպում, որպեսզի մանրամասն ներկայացնի խնդիրը՝ ակնկալելով նրա միջամտությունը՝ իրենից խլված բիզնեսը հետ վերադարձնելու հարցում:

Նշենք նաեւ, որ Թաթուլ Բաղդասարյանն այս խնդիրը ներկայացնելով նաեւ փորձեց հակադարձել նորանշանակ վարչապետի այն հայտարարությանը, որի համաձայն, իր նշանակումից հետո որեւէ հաջողակ բիզնեսմենից բիզնես չի խլվելու:»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին