Արդեն տեղեկացրել ենք, որ ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության՝ «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված է Հայաստանին: Սերժ Թանկյանի մասնակցությամբ հաղորդման ամբողջական տարբերակն արդեն հայտնվել է համացանցում:
Արցախ այցելությունից մինչև Ադրբեջանի «սև ցուցակ»-ում հայտնվելը, հայկական լավաշից մինչև ավանդական կերակրատեսակների պատրաստումը, «հայկական Շվեյցարիայում» լինելուց մինչև նորարարական կրթության հետ ծանոթությունը. CNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդենի կողմից նկարահանված ֆիլմը խոստանում է բացահայտել Հայաստանի ու Արցախի ամենագողտրիկ անկյունները:
«Ցեղասպանություն, պատերազմ, երկրաշարժ. Հայաստանը շատ բան է տեսել»,- նշել է հեղինակը: Անդրադառնալով արցախյան հակամարտությանը՝ նա ընդգծել է, որ դա ինչ-որ աշխարհաքաղաքական հակամարտություն չէ քարտեզի վրա, դրանից անմասն չի մնացել ոչ մի ընտանիք:
Եվ չնայած շատ հայեր թողնում են Հայաստանը՝ Բուրդենը համոզված է, որ սա մի վայր է, որը մեծ զգացմունքներ է առաջացնում միլիոնավոր սփյուռքահայերի շրջանում:
«Ես տարիներ շարունակ լսել եմ այս երկրի մասին: Ինձ ասում էին. «Ե՞րբ ես գնալու Հայաստան, ե՞րբ ես գնալու Հայաստան»: Վերջապես ես այստեղ եմ»,- նշել է Բուրդենը:
Թանկյանը և Բուրդենը ուղևորվել են նաև Դիլիջան՝ «Վոլգա» մակնիշի խորհրդային ավտոմեքենայով: Դիլիջանը բնութագրվում է որպես «հայկական Շվեյցարիա», որտեղ համտեսում են խաշ, ինչպես նաև Բուրդենին սովորեցնում են՝ ինչպես պետք է խաշ ուտել: