«2012 թվականից Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի առաջարկությամբ սկիզբ առավ Հայաստանի բրենդավորման գործընթացը։ Արդեն 2014-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը փաստաթուղթ ստորագրեց ամերիկյան GK Brand ընկերության հետ՝ Հայաստանի ազգային բրենդի ստեղծման մասին։ Ըստ այդմ, մշակվում է կարգախոս և լոգո, որով Հայաստանը ներկայանալու է աշխարհին։ Հեղինակները գոհ են իրենց աշխատանքից, որն անվանել են Eternal Sun, այսինքն՝ Հավերժական արև։ Նույնը չենք կարող ասել հայաստանցի մշակութային, հասարակական և քաղաքական բազմաթիվ գործիչների մասին։ Նրանք զավեշտալի են համարում նման լոգոյով Հայաստանը աշխարհին ներկայացնելն ու այն քննադատության են ենթարկել տարբեր հարթակներում։ Օրինակ՝ ճանաչված գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նման լոգոն լավագույն դեպքում հարիր կլինի տրիկոտաժի արտադրությանը, իսկ Աժ պատգամավոր Արագած Ախոյանը մեզ հետ զրույցում այն որակեց ապաչիների լոգո։ Լոգոյից դժգոհ գործիչներն այժմ դիմում են երկրի բարձրագույն ղեկավարությանը, որպեսզի Հայաստանի դեմքի ընտրությունը որոշվի համաժողովրդական քվեարկությամբ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։